Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ամփոփվեց Կաթողիկե Ս.Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների ամառային ճամբարը

 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Կաթողիկե Ս. Աստվածածին և Ս. Աննա եկեղեցիների բակն արդեն յոթ օր էր, ինչ լեցուն էր ճամբարականներով։ Ամառային բակային ճամբարը նախաձեռնել ու կազմակերպել էր այդ եկեղեցիների հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը՝ համայնքի աջակցությամբ: 
 
Ճամբարին մասնակցեց շուրջ քսան երեխա, որոնք յոթ օրերի ընթացքում  ստացան հոգևոր գիտելիքներ, սովորեցին շարականներ, ազգային պարեր, զբաղվեցին  պլաստիլինագործությամբ, նկարչությամբ, դիտեցին հոգևոր մուլտֆիլմեր։ 
 
Ճամբարի ղեկավար-կամավորներից Մարիամ Պիվազյանը նշում է, որ երեխային հոգևոր կյանք բերելու լավագույն տարբերակը ճամբարային առօրյան է, որտեղ, ի շնորհիվ հոգևոր մուլտֆիլմերի, պատումների և հոգևորակաների հետ անմիջական զրույցների, երեխաներն ավելի են կապվում եկեղեցուն: 
 
-Երեխաներին այդքան չէր ձգում վազելը, խաղերը, որքան նրանք ցանկանում էին նստել եկեղեցում և լսել հոգևորականին,- պատմում է Մարիամ Պիվազյանը:
 
Ճամբարի վերջին օրը՝ օգոստոսի 21-ը, համընկել էր Ս. Աննայի և Հովակիմի հիշատակության օրվա հետ: Երեխաները մասնակցեցին տոնի առթիվ մատուցված Ս. Պատարագին: Ավարտին տիկնաց միության անդամները երեխաներին նվերներ բաժանեցին:
 
Զարա Ղազարյան
Դիտվել է 612 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք