Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Օրհնված խաչերն ու միջինքի գաթան՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում

Երկու շաբաթական Հռիփսիմեն այսօր արդեն 750 գրամ էր՝ քսան գրամով ավելի, քան երեկ։ Քսան գրամով ավելացած քաշն անգամ մեծ ուրախության առիթ է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, իսկ մարտի 7-ին հիվանդանոցի պատերից ներս ժպիտի պակաս չկար։
 
Արդեն երրորդ տարին անընդմեջ ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի ու Տ. Թովմա քահանա Անդրեասյանի գլխավորությամբ այցելում են  հիվանդանոցային համալիր՝ երեխաների հետ նշելու միջինքը։
 
Երեխաները հյուրերին ընդունեցին հիվանդանոցի դահլիճում, որտեղ միասնաբար արտասանեցին Տերունական աղոթքը և Աստծուց բժշկություն խնդրեցին։ Այնուհետև Տեր Թովմա քահանա Անդրեասյանը ներկաներին պատմեց միջինքի տոնի մասին։
 
Երեխաների օրը հրաշքով լցնելու համար դահլիճ հրավիրվեց պրոֆեսիոնալ աճպարար, ով զարմացրեց երեխաներին տարատեսակ հնարքներով, օձերով, կապիկով, նապաստակով, աղավնիով ու անգամ կոկորդիլոսով։
 
«Երեխաների ժպիտից կարևոր ու հաճելի ոչինչ չկա այսօր։ Նրանց համար շատ կարևոր են մեր աղոթքները, և այս օրը ևս մեկ լավ առիթ է՝ նրանց համար առողջություն խնդրելու համար», - ասում է Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը։ 
 
Աճպարարի ելույթից հետո երիտասարդաց միության անդամները երեխաներին բաժանեցին իրենց ձեռքով պատրաստած միջինքի գաթան, որի մեջ պահված էին օրհնված խաչեր։ 
 
Այցելության ընթացում քահանաները բժշկության աղոթք կատարեցին նաև հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող փոքրիկների համար։
 
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 1419 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք