Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մտահոգված ենք

Մտահոգությամբ ենք հետևում վերջին շաբաթներին «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» նախաձեռնության գործողություններին:


Հայ Եկեղեցին մեզ համար միշտ ընկալվել է անձեռնմխելի սրբություն՝ իր քարոզած հավատքով, պատմությամբ, իր հոգևոր ծառայողներով, սրբազաններով,  վարդապետներով ու քահանաներով՝ գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:


Հասկանալի է, որ որևէ հաստատության մեջ կարող են լինել խնդիրներ, տարբեր հարցերի վերաբերյալ տեսակետների տարբերություններ: Գուցե Եկեղեցու մեջ էլ կան այդիպիսիք, ես ինձ իրավունք չեմ վերապահում, որպես հավատքի մարդ, խոսել այդ մասին: Եկեղեցին սովորական հաստատություն չէ, այն մարդկանց հոգիներն է բուժում: Եվ շատ կարևոր է, որ որևէ կերպ կասկածի տակ չդրվի, չարժեզրկվի Եկեղեցու սրբության, խորհրդավորութան գաղափարը:


Որպես Հայ Եկեղեցու զավակ, որպես մկրտված քրիստոնյա, ես չեմ կարող արդարացնել հոգևորականի հասցեին ուղղված փողոցային արտահայտությունները, վիրավորանքները, բամբասանքները, առավել ևս, Ամենայն Հայոց Հայրապետի պարագային: Ինձ համար նման գործելաոճը անհասկանալի է ու խիստ դատապարտելի: Ժողովրդական խոսք կա, «հոնքը բուժելու փոխարեն աչքն էլ հանեցին»:


Այսքան ապատեղեկատվություն տարածելով նախաձեռնությունը նպաստում է, որ թուլանա մեր Եկեղեցին, տկարանա, մարդկանց մեջ կորցնի վստահությունը: Սրանով մենք ին՞չ ենք ուզում, ինչի՞ ենք հասնելու:Սա նպաստելու է, որ առավել տարածվեն աղանդավորական կառոյցները, մեր ազգային ավանդների պահպանության դեմ գործող կազմակերպությունները և հաջողություններ արձանագրեն իրենց գործունեության մեջ:
«Իզմիրլյան» բժշկական հաստատության ողջ անձնակազմը դատապարտում է նման գործելաոճը:  Համացանցից տեղեկացանք, որ հայ եկեղեցու հոգևորականներ և հավատացյալներ հունիսի 30-ին ուխտագնացություն են կազմակերպում Սուրբ Էջմիածին՝ աղոթելու մեր Եկեղեցու պայծառության համար և հավատարմություն հայտնելու Վեհափառ Հայրապետին: Մենք այդ օրը լինելու ենք Սուրբ Էջմիածնում, մեր ներկայությամբ, մեր խոսքով և, իհարկե, մեր աղոթքներով միանալու մեր եղբայրներին՝ մերժելով Հայ Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ ուղղորդված՝ մոլորյալների դավադիր արշավը:     

 

Հարգանքով`

Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյան:

http://izmirlianmedicalcenter.com

Դիտվել է 544 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք