Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հանդիպում բարերարների հետ

Հոկտեմբերի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում թեմի` Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակի շահառուների ու գերմանական «Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպության հիմնադիրների հետ:


Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ողջունեց ու ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունն ու դրվատանքի խոսքերը:


«Պոզաունեն Խոր» կազմակերպության ներկայացուցիչ Անդրեաս Գրիսը ներկայացրեց 2016 թվականին կատարած աշխատանքները, խոսեց Գերմանիայում ու Հոլանդիայում իրականացրած ծրագրերի մասին, որոնց ընթացքում հանգանակված գումարը կբաշխվի Արարատյան Հայրապետական թեմի Ծնողազուրկ երեխաների գրասենյակում գրանցված 130 երեխաներին:


Շահառու երեխաներն ու նրանց խնամակալներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Արարատյան Հայրապետական թեմին ու բարերարերին: Գերմանացի բարերարները երեխաների համար դրամական աջակցությունից զատ պատրաստել էին նաև նվերներ:


Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության տարիներից ի վեր` 1993 թվականից մինչ օրս, թեմում գործում է Ծնողազուրկ երեխաների օգնության գրասենյակը: Այն համագործակցում է բազմաթիվ բարերարների հետ, որոնց թվում է նաև «Պոզաունեն Խոր» կազմակերպությունը: Գրասենյակին իրենց աջակցությունն են բերում նաև Հայ Առաքելական եկեղեցու սփյուռքի թեմերը: 23 տարիների աշխատանքի ընթացքում դրամական աջակցություն է ցուցաբերվել հազարավոր երեխաների, ովքեր միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ են, ապրում են սոցիալական դժվար պայմաններում: Նրանք ծրագրում ընդգրկվում են մինչև չափահաս դառնալը:


«Պոզաունեն Խոր» բարեգործական կազմակերպությունը 1992 թվականին հիմնադրվել է Գերմանիայում, գործունեություն է ծավալում նաև Նիդերլանդներում: Նախագահը Գյունտեր Բրինկմանն է:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 358 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք