Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ուզում եմ, որ Ձմեռ պապն ինձ պապիկ բերի

Եթե բոլոր երեխաների համար Ձմեռ Պապիկը գալիս է Լապլանդայից կամ ծխնելույզից, ապա Նորք Մարաշի «Մանկան տան» երեխաների համար Ձմեռ պապը գալիս է դռնից։ Ուղղակի, սովորականի պես, ինչպես բոլորը, թակում է դուռն ու մտնում։
 

Դեկտեմբերի 27-ին իրենց դասարանի սովորական դռնից, այս տարի ևս, ինչպես արդեն մի քանի տարի շարունակ, ներս մտան Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները՝ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ, Ձմեռ պապը, Ձյունանուշը և ծաղրածուն։
 

«Այսօր ես ինձ մարդ զգացի, բայց հոգիս շատ ցավեց։ Ուղղակի մտածում եմ, թե այդ փոքրիկներն ում են ցանկանալու նմանվել։ Ամեն երեխա այդ տարիքում ցանկանում է խաղալ իր ծնողի հետ, նմանվել նրան», - տպավորություններով կիսվում է երիտասարդաց միության անդամներից Աննան։
 
 
Փոքրիկ Ազնիվը ամուր գրկել է Աննային ու չի իջնում նրա գրկից, Բակոն ոգևորված երգում է Ձմեռ պապի համար, Էրիկը նկարվում է Ձյունանուշի հետ, բայց բոլորի գլխում պտտվում է մեկ միտք՝ ի՞նչ նվեր է բերել իրենց Ձմեռ պապը։ Մինչև նվերները ստանալը փորքիկ Էրիկը պատմեց, թե ինչ է ցանկանում Ձմեռ պապից։ 
 
 
- Ուզում եմ, որ Ձմեռ պապն ինձ պապիկ բերի, - ժպիտով ասում է նա։
Ամեն տարի Ամանորը մի քանի օր շուտ է գալիս «Մանկան տուն»։ Երիտասարդաց միության անդամներն արդեն անուններով են ճանաչում «Մանկան տան» սաներին։
- Երեխաներ, որտեղի՞ց է գալիս Ձմեռ պապը, - հարցնում է ծաղրածուն։
- Այ էն դռնից, - պատասխանում են երեխաները։
Հենց սա է իրական հրաշքը, հարկավոր չէ հրաշք հորինել, հարկավոր չէ լեգենդներ հորինել հրաշքների մասին։ Իրական հրաշքը կարող է գալ հասարակ մարդու տեսքով ու ներս մտնել սովորական դռնից։ Հարկավոր է հավատալ ու դուռը կիսաբաց թողնել։
 
 
Հասմիկ Թամամյան
 
Դիտվել է 1766 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք