Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բոլոր մեղքերի արմատը դրամասիրությունն է

«Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնում տեղի ունեցավ կիրակնօրյա հերթական մանկական հոգևոր դաստիարակման հանդիպում-դասընթացը: Այս անգամ երեխաներին Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը ներկայացնում և բացատրում էր, թե որո՞նք են Աստծո տասը պատվիրանները, ի՞նչ կարևոր նշանակություն ունեն դրանք մեր կյանքում, ինչո՞ւ պետք է հետամուտ լինել դրանց պահպանմանը:


Մարդն ունի հոգի, միտք և մարմին: Ինչպես նշեց Տեր Տաճատը, հոգին քամու նման է. քամին էլ չենք տեսնում, ինչպես հոգին, բայց քամին աշխարհի շունչն է, առանց որի օդ չենք կարող շնչել և կմահանանք: Նույնպես և մեր հոգին է. մեր մարմինն ու միտքն ունեն օրենքներ, որոնք նախ պետք է հասկանալ:


Այսպիսի համեմատմամբ քահանան սկսեց իր խոսքն ու առանձին-առանձին անդրադարձավ Աստծո 10 պատվիրաններին՝ նշելով, որ Աստվածաշնչում կան վեց հարյուրից ավելի օրենքներ:


Խոսելով առաջին պատվիրանի մասին, Տեր Հայրը բացատրեց, որ Աստված ամբողջ աշխարհի հայրն է և կյանքում ամեն ինչ չէ, որ պատահական է լինում, այլ՝ Աստծո կամքով և Նա ծրագիր ունի. մենք այդ ծրագիրը պետք է ընդունենք:


Երկրորդ պատվիրանը ներկայացնելիս քահանան ասաց, թե Հայաստանը Հայաստան չէ, եթե քրիստոնյա չէ: Մենք հայ ենք մեր հավատքով: Գերագույն Աստծո փոխարեն ուրիշ Աստծո չպետք է պաշտենք:


Տեր հայրը խոսեց այն մասին, որ Աստծո անունը պետք է տեղին գործածել, մենք Նրա ճանապարհները չգիտենք, և եթե մի դուռ փակվում է, ապա մեկ այլ դուռ էլ բացվում է: Պետք է հարգենք շաբաթ օրը, քանի որ Աստված Ավագ ուրբաթ խաչվեց, իսկ շաբաթ օրը գերեզմանում հանգստացավ ու յոթերորդ օրը հարություն առավ, ուստի այդ սուրբ օրը պետք է հարգել, իսկ կիրակի եկեղեցի գնալ ու Ս. Պատարագի մասնակցել:


Տեր Տաճատը երեխաներին իր կյանքի օրինակներով բացատրեց, որ պետք է հարգել ծնողներին, ընտանիքն ամենակարևորն է կյանքում: Չպետք է սպանություն կատարել, քանի որ կյանքն Աստծուն է պատկանում: Անդրադառնալով յոթերորդ պատվիրանին, Տեր Տաճատը երեխաներին բացատրեց, որ ընտանեկան սրբությունն աստվածասիրությունից է գալիս և ընտանիքում պետք է սիրել միմյանց, չպետք է դավաճանել, այլ հարգել: Չպետք է սուտ խոսել:


Բացի տասը պատվիրաններից, քահանան խոսեց նաև երկու այլ շատ կարևոր պատվիրանների մասին.
Առաջին՝ պետք է սիրել Տեր Աստծուն մեր ամբողջ հոգով, սրտով, մտքով, էությամբ, և երկրորդ՝ պետք է սիրել հարևաններին և ընդհանրապես ամբողջ մարդկությանը ՝ ինչպես քո անձը: Չպետք է եսասեր լինել, այլ օգտակար լինել այն փոքրիկներին, ովքեր մտավոր կամ ֆիզիկական դժվարություններ ունեն:


Երեխաների համար կազմակերպվեցին խաղեր և ընթերցվեց հեքիաթ, որը Տեր Տաճատն առավել մատչելի բացատրեց երեխաներին. «Այս հեքիաթն ագահության մասին է: Ագահությունը դրամասիրությունն է և Աստվածաշնչում ասվում է, որ դրամասիրությունը բոլոր մեղքերի արմատն է»:
Քահանան բացատրեց երեխաներին, որ թեև առանց դրամի չեն կարող ապրել, բայց դրա համար Աստված մեզ տվել է խելք, և պետք է կարևորություն տալ ուսմանը, լավ սովորել՝ հետագայում լավ աշխատանք ունենալու համար:


Հանդիպման ընթացքում, երբ երեխաները խաղում էին, զրույցը շարունակվեց ծնողների հետ: Քննարկվում էր, թե ինչպես անել, որպեսզի երեխան չձգտի շատ ժամանակ անցկացնել միայն մայրիկի հետ, հատկապես այն դեպքերում, երբ միայն մոր խնամքի ներքո է, որպեսզի չմեկուսանա շրջապատից, ընկերներից ու շփվի նրանց հետ:


Դիանան, ով աշխատում է մանկական զարգացման կենտրոնում և իր աշխատանքի բնույթն է զբաղվել երեխաների սոցիալական և էմոցիոնալ զարգացմամբ, նշեց. «Համեմատաբար ավելի հեշտ տարբերակն է այնպես անել, որ երեխան ունենա գոնե մեկ մտերիմ ընկեր: Եթե երեխան ունի մտերիմ ընկեր, ապա իրավիճակը շատ ավելի հեշտ է, դժվարությունները՝ շատ ավելի հեշտ հաղթահարելի»:


Դիանան խոսեց նաև կապվածության տեսությանն առնչվող տարբեր փորձերի, ուսումնասիրությունների այն դիտարկման մասին, ըստ որի երեխան պետք է ընդունի որևէ անձնավորության (անպայման չէ, որ նա իր հայրը կամ մայրը լինի), ով ոչ թե իրեն կերակրողն է, այլ սեր ու ջերմություն տվողը, քանզի առաջնայինը սերը, քնքշանքը, փայփայանքն է և ոչ թե նյութականը: Այդ դեպքում երեխան կարողանում է սովորել նոր բաներ, կանգնել ու հաղթահարել դժավարություններ, իսկ երբ դա չկա՝ սթրես է ապրում, դժվարության դեպքում խուճապի է մատնվում: Կարևորն այն է, որ ծնողն ապահովի իր երեխայի անվտանգությունը՝ տալով այդ սերն ու ջերմությունը:


«Կանա» կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպում- դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում:

 


Պատրաստեց՝ Նարե Ոսկանյանը

Կանա Կանա Կանա Կանա Կանա Կանա Կանա Կանա
Դիտվել է 328 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք