Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սիրո ուժն անհաղթ է. Երևանի կենտրոնում մեծ քայլերթն անցավ սիրո կոչով

Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպված քայլերթը դեպի սիրահարների պուրակ: Թափորն առաջնորդում էին հոգևորականները՝ խաչով, խաչվառներով: Թափորին ուղեկցում էին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տան թմբկահարների խումբը, ռազմական նվագախումբը:
 

Քայլերթին մասնակցում էին զինվորներ, ոստիկաններ, ուսանողներ, թեմի համայնքների անդամները՝ Երևանից ու Արարատի մարզից; Ընթացքում միանում էին նաև անցորդներն՝ իրենց ընտանիքներով:


Երթն ավարտվեց Սիրահարների պուրակում, որտեղ նախատեսված էր տոնական համերգ: Համերգն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մեկնարկեց Տերունական աղոթքով:

Ապա Թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն ընթերցեց Սրբազան հոր շնորհավորական ուղերձը, որտեղ մասնավորաբար ասվում է.


«Սիրելի՛ զավակներ Հայոց առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու,
Փետրվարյան այս հրաշալի օրը հավաքվել ենք ուրախ առիթով, քանզի այսօր մեր ամենասիրելի սրբերից մեկի՝ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրն է: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի բարձր տնօրինությամբ այս օրը հռչակվել է երիտասարդների օրհնության օր:


Արարատյան Հայրապետական թեմը տասը տարի անընդմեջ «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով կյանքի է կոչում բազում ծրագրեր և տոնական միջոցառումներ: 2008թ. մինչև այսօր զորավար սրբին նվիրված տոնական միջոցառումներն իրականանում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:


Սիրելի՛ երիտասարդներ,
Ս. Սարգիսը զորավար էր և Հիսուս Քրիստոսի աննկուն ու անվախ վկան: Նա նահատակությա՛մբ վկայեց իր հավատքն ու սերն առ Աստված: Սուրբ զորավարի օրինակով անմահության պսակին արժանացան նաև որդի Մարտիրոսը և նրա 14 մարտակիցները: Նրանք էլ մարտիրոսությամբ ուղենշեցին հավիտենական կյանքին հասնելու փառավոր ճանապարհը: «Զինաւորն Քրիստոսի ի Հօրէ առեալ պարգեւս, յաստուածատունկ ի դրախտէն ծագեցաւ մեզ շառաւիղ, որ է զէն յուսոյ վահան հաւատոյ» (հատված «Զինաւորն Քրիստոսի» շարականից):
Ս. Սարգիսն իր հավատքով, նվիրումով և քաջասրտությամբ վառ օրինակ է յուրաքանչյուրիս համար: Մեր մաղթանքն է, որ դուք լինեք այդ առաքինությունների կրողը, ձեր հոգեմտավոր կարողություններով և նկարագրով դառնաք ներգործուն խոսափող, ձեր կյանքով և բարու արարումներով հավերժացնեք հայոց ազգային արժեքները:


Սիրելինե՛ր, տակավին վերջերս ազգովի նշեցինք հայոց բանակի կազմավորման 25-ամյակը: Նախորդ տարին մեծ փորձությունների տարի եղավ մեզ համար: Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակության պսակն ընդունեցին մեր քաջազուն զինվորները՝ անսալով Տիրոջ հորդոր-խոսքերին. «…մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող….» (Մատթեոս 10:28): Նրանք չերկնչեցին նենգ թշնամուց և իրենց կյանքով ևս մեկ անգամ ոգեկոչեցին հայոց աննկունությունն ու անպարտելիությունը: Սիրելով Աստծուն, հայրենին ու մերձավորին՝ չվախեցան մարմինը սպանողից, քանզի հավատում էին հոգու անմահությանը և վստահաբար գիտեին, որ «Սիրո՛ ուժն է անհաղթ»:


Մեր աղոթքն է, որ Բարեգութ Աստված հանապազ զորակից և մարտակից լինի ձեզ: Եվ սուրբ զորավարի բարեխոսությամբ կարող դառնաք նվաճել հզորագույն և նորանոր բարձունքներ՝ ի շահ մեր ազգի և ի զորացումն Հայոց անկախ պետականության: Ամեն»:


Համերգը վարում էր Գոհար Գասպարյանը: Սիրված երգիչները` Ռազմիկ Ամյանը, Սոֆի Մխեյանը, Մարտին Մկրտչյանը, Աննա Խաչատրյանը, Արծվիկը, Էրիկը, Մաշա Մնջոյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), հանդիսատեսին ներկայացրեցին սիրո ու հայրենասիրության մասին իրենց երգերը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Դիտվել է 2597 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք