Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Լույսի ճանապարհը։ Մոմավառություն Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

Ճանապարհի կեսից աչքերս փակեցի։ Առաջին իսկ վայրկյանին զգացի ծխի հոտը՝ վառվող մոմի հոտ էր։ Բոլորն են այդ հոտը զգացել, երբ ծննդյան տոնին փակել են աչքերը և երազանք պահելուց առաջ որոշ ժամանակ աչքերը փակ կանգնել։ Բայց այսօրվա երազանքը ծննդյան երազանք չէր, այլ աղոթք՝ այն սուրբ նահատակների բարեխոսության ակնկալիքով, ովքեր ծնունդ տվեցին իրենց հաջորդ սերունդերին։


Ճանապարհը տանում է դեպի Ծիծեռնակաբերդ, ու աչքերս կրկին փակում եմ։ Այժմ զգում եմ ջերմություն։ Նույն մոմերի ջերմությունը։ Այս ջերմությունը զգացած կլինեք եկեղեցում, այն հիշեցնում է Ցեղասպանության կրակի միջով անցած նախնիների հավատքի ամրությունը, սերը և հավատարմությունը։


Ճանապարհը շարունակում եմ, ու անգամ աչքերս բացելու կարիք չկա, քանի որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը յուրաքանչյուր հայ անգիր գիտի, իսկ վառվող մոմի հոտը հուշում է ճանապարհը, եթե հանկարծ շեղվես։


Ընդհանրապես մոմի հոտն ուղեկցում է յուրաքանչյուր քրիստոնյայի իր ամբողջ կյանքի ընթացքում։


«Այսօր, այս ճանապարհն անցնելով, գիտակցում եմ, որ տխուր չեմ։ Ես ցավ եմ ապրում՝ չնայած, որ ականատես չեմ եղել հայերի ցեղասպանությանը։ Բայց զգում եմ, որ հայը հաղթահարել է այդ ցավն իր հավատքով։ Ես այսօր տխուր ու խեղճ չեմ, ես ուժեղ եմ և պահանջատեր։ Յուրաքանչյուր մոմ, որ վառվում է այսօր և կվառվի վաղը, հայի հույսն է, իմ հույսն է, որը երբեք չի մարի, ինչպես սրբացած այս նահատակների բարեխոսությունը», - ասում է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառության մասնակից Կարինեն։


Ապրիլի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպված մոմավառությանը:


Ծիծեռնակաբերդում Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կատարվեց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ, որի ընթացքում մասնակիցները սրբադասված նահատակների բարեխոսությունը խնդրեցին հայ ազգի, զինվորի ու ժողովրդի համար։


Ճանապարհը տանում է դեպի վեր, ու անգամ աչքերս փակ տեսնում եմ հայի՝ հույսով լեցուն հոգու լույսը, քանի որ լուսավոր էր անգամ այն երիտասարդը, ում ձեռքում մոմ չկար։
Կեսից փակում եմ աչքերս, ու գիշերվա օդը սկզբում զգացնել է տալիս ծխի հոտը, հետո կրակի ջերմությունը, հետո պայծառ լույսեր եմ զգում կոպերիս ու հասկանում, որ հայ ազգը շնչում է։ Շնչում է հավատ ու հույս է արտաշնչում։ Այսօրվա լույսը լավագույնս բացահայտում է մահը հաղթահարած հայ քրիստոնյայի անկոտրում կամքը, ապրելու հույսն ու արարելու զորությունը։


Հասմիկ Թամամյան

Դիտվել է 640 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք