Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի հետ

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպիչ խմբի անդամներին` առաջնորդությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2018 թվականը հռչակվել է Երիտասարդության տարի: Այս առիթով հուլիսի 4-ից 8-ը «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո Հայաստանում կկայանա համահայկական երիտասարդական հավաք, որին կմասնակցեն ավելի քան 20 երկրներից շուրջ 400 եկեղեցասեր երիտասարդներ:
 
Հավաքի ընթացքում կներկայացվի թեմերի երիտասարդական կառույցների գործունեությունը, կքննարկվեն ու կմշակվեն միջթեմական համագործակցության զարգացման հեռանկարները և ծրագրերը: Տեղի կունենան հանդիպումներ հոգևոր դասի և պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Կկազմակերպվեն ուխտագնացություններ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապի վանք և Հաղարծնի վանք:
 
Հանդիպմանը ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու Հովնան Սրբազանը և ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը Նորին Սրբությանը ներկայացրին ՀԵՀԵՄ աշխատանքային խմբում ներգրավված երիտասարդներին, հավաքի առաջիկա օրերի անելիքներն ու ծրագրերը:
 
Ողջունելով երիտասարդներին` Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց Հայաստանի և աշխարհասփյուռ թեմերի երիտասարդների համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ  երկար ժամանակ նախապատրաստվող  այս համախմբումը նոր լիցք և խանդավառություն պիտի բերի երիտասարդներին` ոգեշնչվելու և առավել ներգրավվելու եկեղեցական, համայնքային կյանքից ներս` իրենց օգտակար ծառայությունը բերելու և´ հայրենիքին, և´Մայր Եկեղեցուն: Այս առումով Վեհափառ Հայրապետը շահեկան նկատեց միջթեմական համագործակցությունը, Հայաստանում և սփյուռքում ապրող երիտասարդների սերտ շփումը:  
 
Նորին Սրբությունը նշեց, որ Եկեղեցին հատկապես զորավոր է, երբ նրա կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեն երիտասարդները: Ներկա մարտահրավերների պայմաններում, երբ տարբեր հոսանքներ, գաղափարախոսություններ և համաշխարհայնացման գործընթացներ գրավիչ են թվում երիտասարդության համար, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց երիտասարդներին ազգային, հոգևոր արժեքներով կրթելու և դաստիարակելու կարևորությունը և անդրադարձավ այս ուղղությամբ Հայոց Եկեղեցու անելիքներին: Գարեգին Բ Վեհափառի խոսքով` ժողովուրդը չի կարող պաշտպանել իր երկիրը, իր դիմագիծն ու նկարագիրը, եթե չունենա ազգային, հոգևոր արժեքներ կրող երիտասարդություն, և ՀԵՀԵՄ նմանօրինակ հավաքների կազմակերպումը այս ուղղությամբ կարևոր և նշանակալի  քայլ է: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց անհրաժեշտությունն առավել խթանելու և  զորացնելու եկեղեցասեր երիտասարդաց միությունների և կառույցների գործունեությունը` դրանում էական նկատելով կենտրոնական գրասենյակի դերակատարությունը:
 
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Հովնան արքեպիսկոպոսին և հավաքի կազմակերպիչ խմբում ընդգրկված հոգևորականներին և աշխարհականներին իրենց նվիրյալ և հանձնառու ծառայության համար:
Դիտվել է 691 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք