Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Անանիայի հրաշագործ աջը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը այս տարի նշեց հոկտեմբերի 17-ին: Օրհնաբեր օրը բազում ուխտավորների էր առաջնորդել դեպի Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածին: Ուխտավորների մեծ փափագն էր սրբի ամենազոր նշխարների օրհնությանը հաղորդակից լինել ինչպես եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, այնպես նաև առաքյալի մասնատուփ-աջից (17 դար), որ արդեն հինգերորդ տարին է, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում: Նշենք, որ եկեղեցու «Զորավոր» անվանումը կապված է թե՛ Ս. Անանիայի մասունքների և թե՛ հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանի (13-րդ դար) հետ, որ ժամանակին այս եկեղեցում է պահվել:

 

Վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները և բազմաթիվ ուխտավորներ նախ մասնակցեցին Առավոտյան ժամերգությանը, ապա հանդիսավոր թափորը Փարպեցի փողոցից, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, առաքյալի մասնատուփ-աջը բերելու հատուկ արարողակարգով, իր խոնարհումը բերեց Ս. Անանիայի մասունքներին՝ եկեղեցուն կից մատուռ-դամբարանում:

 

Բազմադարյան սրբավայրի սուրբ կամարների ներքո սրբի հիշատակությունը նշանավորվեց նաև Սուրբ և Անմահ Պատարագով: Պատարագիչը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ և անդրադարձավ առաքյալի վարքագրությանը:

 

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մինչ Երեկոյան ժամերգության ավարտը հավատացյալները հնարավորություն ունեցան, սրբի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից լինել նրա օրհնաբեր աջին:

 

Կարինե Սուգիկյան

Անանիայի աջը
Դիտվել է 103 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք