Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Այցելեցին «Որդան կարմիր» արգելավայր

Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում Երևանի Պ. Յավորովի դպրոցի 8-րդ դասարանցիները դասղեկ Անահիտ Սարուխանյանի գլխավորությամբ այցելեցին «Որդան կարմիր» պետական արգելավայր: Արգելավայրը գտնվում է ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո: 

 

Այցելությունը նպատակ ուներ երեխաներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրել որդան կարմիրն իր բնական միջավայրում: Որդան կարմիր միջատից ստացվող կարմրագույն ներկը հայկական մշակույթի ուշագրավ ու մեծ հեղինակություն վայելող արժեքներից է:


Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ այցելությունների ընթացքում դպրոցականները ցանկություն էին հայտնել որդան կարմիր միջատը տեսնել: Երեխաները լսել էին, որ հին ձեռագրերում, սրբանկարչության ու որմնանկարչության մեջ հայ վարպետներն օգտագործել են որդան կարմիր ներկը, սակայն միջատը երբեք չէին տեսել, ինչը նրանց լրջորեն հետաքրքրում էր: Եվ հենց այդ պատճառով կազմակերպվեց առաջին այցելությունը:


Արգելավայրում ՀՀ Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գիտության բաժնի պետ, գիտության գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը և ավագ գիտաշխատող, կենս. գիտ. թեկնածու Մարկ Քալաշյանը պատանիներին պատմեցին որդան կարմիր միջատի մասին, թե կենսական ինչ փուլերով է ապրում կենդանին, ինչպես և ինչ միջավայր է անհրաժեշտ նրանց համար: Խոսվեց նաև արգելավայրի մասին, արգելոցների ու արգելավայրերի տարբերությունների մասին:


Արգելավայրի աշխատակիցների ուղեկցությամբ պատանիներն ուսումնասիրեցին որդանի «բնակավայրը»՝ որդանախոտը, որի արմատների վրա ապրում է կենդանին:


Եթե եղանակը թույլ տա և տարեկան մեկ անգամ գետնի մակերես դուրս եկող որդերը դեռ երևան, այցելություն կկազմակերպվի նաև այլ դպրոցների համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1062 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք