Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նռան օրհնություն Ամանորին

Տարվա վերջին օրը հաշվում ենք անցած 365-366 օրերն ու գալի օրերը։ Վերցնում եմ երկու նուռ ու գնում եկեղեցի՝ մեկն՝ անցած տարվա ամեն օրվա համար, մյուսը՝ գալիք օրերի։
Դեկտեմբերի 31-ին ժամը 24:00-ին եկեղեցում կանգնած աղոթում եմ, նայում եմ խորանին դրված նռներին ու սկսում հաշվել։ Օր մեկ, օր երկու, օր երեք․․․ Օր վերջին ու միաժամանակ՝ օր առաջին, և դու Աստծո առաջ կանգնած ես, Աստծո տանն ես ու հիշում ես հինն ու նորը։
Տարվա վերջին և նոր տարվա առաջին օրը  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է նռան օրհնության կարգը։ Ամեն տարի Ամանորի գիշերը Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Հանրապետական մաղթանքի ավարտին կատարվում է նռնօրհնեքի արարողություն:
Նռնենու պտուղը խորհրդանշում է մարգարեներին. դառը կեղևը Հին Կտակարանի Օրենքն է ու մարգարեությունները, որոնք կանխասաց վկայություններով նախապատրաստում էին Փրկչի գալուստը և ավետում աստվածային փրկագործությունը: Կեղևի մեջ պարփակված կարմրագույն պտուղը Ս. Ավետարանն է, որն իր բարի ավետիսով՝ աստվածային սիրո, զոհաբերության ու շնորհաբաշխության խորհրդով պարգևեց փրկություն և հավիտենական կյանք. «Իսկ երբ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, - ոչ այն արդարության գործերի համար, որ մենք արեցինք, այլ, իր ողորմության համաձայն, - փրկեց մեզ վերստին ծննդյան ավազանի միջոցով եւ նորոգությամբ Սուրբ Հոգու, որ թափեց մեր վրա առատությամբ մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի, նրա շնորհով արդարացված, ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով» (Տիտոս Գ 4-7):
Ամանորի գիշերն Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները բաց են ու սպասում են հին ու նոր մարդկաննց՝ իրենց հին ու նոր մտքերով, հույսերով։ Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծո շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:
Յուրաքանչյուրիս մոտ գալիս է մի պահ, երբ ցանկանում ենք թողնել հինն ու նոր բան սկսել, հիմք դնել ինչ-որ նոր բանի։ Եվ սկսում ես հիշել, հաշվել ու պլանավորել։ Տարին ունի 365-366 օր․ ի՞նչ եմ արել այդ օրերի ընթացքում: Տարվա վերջին օրը բարձրաձայնենք այս հարցը, վերցրենք օրհնված նուռն ու ամեն նոր օր սկսեք ժպիտով, ժպիտ նվիրելով, բարությամբ, բարիք նվիրելով։ Հաշվեք. հատիկ մեկ՝ օր մեկ, հատիկ երկու՝ օր երկու. ամեն հատիկ նոր օր է, նոր հնարավորություն։
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 3409 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք