Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Գիրք պլյուս սեր հավասար է գրքասեր

Ինչպե՞ս սեր խոստովանել 21-րդ դարում, երբ ամեն ինչ ասված է, երբ բոլոր արջուկներն ու ծաղիկները նվիրված են և զարմացնելու ոչինչ չկա։ Պարզվում է, որ սիրելիի սիրտը գրավելու գաղտնի բաղադրատոմսը մշակված և արդեն մեկ տարի է՝ ինչ փորձված է։ Արարատյան Հայրապետական թեմի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի համագործակցության արդյունքում մշակվել է բաղադրատոմս, որը դարձել է հարյուրավոր երիտասարդների սիրո արտահայտման հետաքրքիր միջոց։

 

Դժվար ոչինչ չկա։ Ընտրում ես գիրք, բացիկի վրա նշում, թե ում ես ցանկանում նվիրել, ավելացնում սրտից բխած մի քանի տող, և սիրո գրքոտ խոստովանությունը պատրաստ է։ Մնում է գտնել քո գաղտնի գրքասերին, և գրքախառը զույգը պատրաստ է։

 

«Իմ գաղտնի գրքաՍԵՐ» խորագրով միջոցառում-ակցիան սկսվեց մեկ տարի առաջ՝ նպատակ ունենալով միավորել գրքասերներին, սիրահարներին և ընդհանրապես բոլորին ազգային ավանդույթների, ընթերցանության և սիրո շուրջ։ Մինչև հունվարի 24-ը բոլորը հնարավորություն ունեին գնել ցանկացած գիրք «Բուկինիստ» գրախանութների ցանցից 20% զեղչով՝ հատուկ էջանիշի վրա գրելով սիրելիի կոնտակտային տվյալները, և թողնել այն սիրո արկղերի մեջ։ Իսկ հունվարի 26-ին արդեն հասցեատերերը ստացան իրենց գիրք-խոստովանությունը և էլի բազմաթիվ անակնկալներ Արարատյան Հայրապետական թեմի, «Գուրմէ Դուրմե»-ի և "Кino Park"-ի կողմից։

 

Այս տարի գրքային սիրո խոստովանությանը միացավ նաև «Հայփոստ» ՓԲԸ-ը, որը սիրով ու անվճար հասցրեց բոլոր գրքային խոստովանությունները այն երիտասարդներին, ովքեր ծառայում են Հայոց բանակում։

 

Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Կտոր մը երկինք» և այլ երաժշտական խմբեր։

 

«Մատներիցդ գրքի հոտ եմ առնում. ձեռքերդ չլվանաս…» (Դավիթ Սամվելյան. «Ռոդենի ձմեռը»): Նվիրեք միմյանց գրքեր, որպեսզի երբեք գրքի հոտը չկորչի ձեր սիրելիի մատներից։

 

Հասմիկ Թամամյան

 

Դիտվել է 473 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք