Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նորակոչիկները սրբապատկերներ և խաչեր ստացան Մասիսի ուխտավորներից

Օգոստոսի 4-ին և 5-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի նախաձեռնությամբ համայնքի անդամներն ուխտագնացության մեկնեցին Արցախի սրբավայրեր։


Ուխտագնացության ընթացքում Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցում հավատացյալները հանդիպեցին 500-ից ավելի նորակոչիկների։


Նորակոչիկների այդչափ մեծ քանակը եկեղեցում կապված է հետաքրքիր մի սովորության հետ։ Արցախում ավանդույթ է դարձել՝ մեկ ամիս ծառայած նորակոչիկները մինչ բուն ծառայության անցնելը այցելում են եկեղեցի և օրհնություն ստանում։ Այս անգամ Գանձասարում նորակոչիկները հանդիպեցին մասիսցի ուխտավորներին։


- Եղբայրս՝ Դավիթ սարկավագ Սաֆարյանը, նոր է վերադարձել Երուսաղեմից։ Նա իր հետ 1000 հատ խաչ էր բերել՝ ուխտելով դրանք նվիրել հավատացյալներին։ Գանձասարում նորակոչիկներին հանդիպելը հիանալի առիթ դարձավ ուխտը կատարելու համար, - ասաց Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը։


Տեր հայրն օրհնեց բոլոր զինվորներին և խաչեր ու սրբապատկերներ բաժանեց՝ մաղթելով խաղաղ ծառայություն  ու Աստծո օրհնությունը խնդրելով նրանց համար։


Թող Աստված օրհնի, ուժ և զորություն պարգևի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բոլոր մարտիկներին:

 

Լուսանկարները՝ այստեղ։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 734 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք