Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Բնությունն իբրև աստվածապարգև իրականություն

Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Աստված ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող դալար բույս և իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող, իր տեսակի միրգ տվող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրա»:

Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»:

Աստված արարեց աշխարհը, բնությունը, երկինքը և առհասարակ ամեն ինչ: Հետո արարեց մարդուն, որ կատարելության հասցնի իր ստեղծածը:

Ինչպես մարդը մարդու մասին էր հոգ տանում, այնպես էլ պետք է բնության մասին հոգ տաներ և այն ամենի ինչի մեջ Աստծո շունչը կար: Ինչպես մարդը խնամում է բնությունը և հոգ է տանում նրա մասին, այնպես էլ բնությունը կպատասխանի նրան:

Գույների ու բնապատկերների մեծ վարպետն ասել է. «Բնությունն արարում է մարդուն, որպեսզի հենց մարդու միջոցով տեսնի իրեն և հիանա իրենով: Մարդը բնություն է, բնությունը` մարդ, ուստի մահ գոյություն չունի»:

Սակայն այսօր ժամանակակից մարդը առնչվում է մի շարք կարևորագույն հարցերի՝ կապված բնության հետ, որին ուշադրություն չդարձնելու պարագայում կարող է կանգնել բարդ խնդիրների առաջ:

Կարևորելով մարդ-բնություն փոխհարաբերությունը հուլիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր պարթև քահանա Մուրադյանը և Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը մասնակցեցին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) աջակցությամբ իրականացող «Բնությունն իբրև Աստվածապարգև իրականություն. Մարդը բնության տեր և տնտես» ծրագրի շրջանակներում առաջին իրազեկման դասընթացին:

Դասընթացին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հայաստանյան թեմերի շուրջ 20 հոգևորականներ:

Մասնակիցներին ողջունեցին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպս. Նավասարդյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Արմինե Պողոսյանը, Լույսի սերունդ կրթական հիմնադրամի տնօրեն Ելենա Հարությունյանը:

Կենսաբազմազանության հիմնախնդիրների վերաբերյալ բանախոսեց կենսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, էկոլոգիական խնդիրների աստվածաբանական մոտեցումները ներկայացրեց ՔԴԿ փոխտնօրեն Վարանդ Քորթմոսյանը:

«Ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույնն էլ դուք արեք նրանց»: Բոլորիս է հայտնի  Հիսուսի այս խոսքը, որ «ոսկե կանոն» է կոչվում, հռչակում է այն սկզբունքը, որով պետք է առաջնորդվի իրական քրիստոնյան իր նմանի հետ հարաբերվելիս: Բայց չպետք է մոռանալ, որ սա վերաբերվում է ոչ միայն մարդ արարածին, այլև Աստծո շնչով ստեղծված յուրաքանչյուր արարվածի:

Իսկ բնությունը արաչագործության այն հրաշքներից է, որն ամեն օր հիշեցնում է մեզ Աստծո ստեղծած հրաշքների, մահվան և հարության, արարելու մասին: Յուրաքանչյուր ծիլ, որ ծաղկում է, այն պատգամն է փոխանցում, որ մահը կյանքի ավարտը չէ, անէություն չէ, մենք ևս, ինչպես բնությունը, վերածնվում ենք:


Հասմիկ Թամամյան

 

Դիտվել է 513 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք