Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանն օծեց ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակի խաչքարը

Ապրիլի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակին:


Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ հավատացյալների թափորը Սրբազան հորը դիմավորեց եկեղեցու մուտքի մոտ։ Սրբազան հորն ուղեկցում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը, Տ. Երվանդ քահանա Բաբայանը, Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը, Հովհաննես սարկավագ Ներսեսյանը։


Օծումից հետո Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հերոսացած մեր նահատակների։


Արարողության ավարտին Սրբազան հայրն իր օրհնությունը փոխանցեց ներկաներին.


«Մենք հավատում ենք, որ Խաչի վրա թափված աստվածային Արյունը եղավ մարդկության փրկագինը: Հավատում ենք Ամենահաղթ Խաչի զորությանը:
«Զորութիւն Սուրբ Խաչի Քո Քրիստոս, որ կանգնեցէր ի փրկութիւն աշխարհի: Սա պահեսցէ զմեզ համենայն փորձութենէ»:

Սիրելինե՛ր, քարահյուս այս խաչքարը ձոներգ է ապրիլյան քառօրյա հերոսամարտի: Այն հայոց սխրագործ ոգու արտահայտումն է, հայրենասիրության, ինքնազոհաբերման ու հավատարմության քարեղեն ապացույցը: Քարեղեն այս սուրբ նշանն անմեռ կյանքի խորհրդանիշն է, հարության և երանական փառքի վկայությունը:


Անցյալ տարի հայ ժողովուրդը կրկին վերապրեց կորստի ու տառապանքի ցավը: Մեր խիզախ հայորդիներն արյան գնով պաշտպանեցին հայրենյաց սահմանները։ Հարյուրից ավելի քաջամարտիկներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու ազգային ամենաթանկ արժեքների՝ ազատության և արժանապատվության: Յուրաքանչյուրի քաջարումը նվիրական է մեր հերոսական պատմության տարեգրության մեջ: Իրենց նահատակությամբ նրանք վերահաստատեցին աներկբա մի ճշմարտություն. «Գիտակցված մահն անմահություն է»:


Մեր աղոթքներն ենք վերառաքում առ Աստված և հայցում Տիրոջը՝ քաջամարտիկ նահատակների հոգիների մշտենջանական հանգստության համար։ Թող այս նորաօծ խաչքարի ներկայությունը որպես քաջազունների սխրագործությունների հիշատակարան՝ դառնա հայրենասիրության և հավատքի ներշնչանքի անսպառ աղբյուր:


Թող Զորավոր Տերն անխախտ պահի մեր հայրենքի սահմանները և անկոտրում՝ հայրենքի սիրով տոգորված մեր զինվորներին:
Մեր օրհնությունն ենք բերում Աբրահամյան գերդաստանին, ովքեր կառուցեցին ինչպես Ս. Հովհաննես այս հոյակերտ եկեղեցին՝ իրենց սրտի երախտիքն ընծայելով Ամենաբարձրյալին, այնպես և կանգնեցրեցին քառօրյա պատերազմի հերոսների այս հիշատակարան-խաչքարը:


Մեր գլուխն ենք խոնարհում իրենց զավակներին հանուն հայրենիքի ընծայաբերած ծնողների առջև: Հպարտանում ենք ձեր զավակների խիզախումով ու արիությամբ:
Շնորհքը, սերը, խաղաղությունը թող լինի ամենքիդ հետ՝ այսօր, վաղը և միշտ. Ամէն»:


Արարողությանը մասնակցում էին Աբրահամյան ընտանիքը, զոհված զինվորների ծնողները, Արտաշատի բնակիչները։


Խաչքարը տեղադրվել է Աբրահամյան ընտանիքի մեկենասությամբ: Հեղինակը քանդակագործ, հայր ու որդի Ռաֆիկ և Լևոն Խաչատրյաններն են։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Խաչքարի օծում Խաչքարի օծում Խաչքարի օծում
Դիտվել է 113 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք