Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանը պարգևատրեց լավագույն զինվորներին

Հունվարի 27-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդարանում տեղի ունեցավ սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողություն: Այն երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:

 

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան և ժամկետային զինծառայողներ` իրենց մայրերի, քույրերի և սիրելիների հետ:

 

Միջոցառումը Նավասարդ Սրբազանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին.

 

«Մեծարգո նախագահ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, hանուն Վեհափառ Հայրապետի ջերմորեն ողջունում ենք Ձեր մասնակցությունը տոնական Սուրբ Պատարագին և զինվորների պարգևատրման այս միջոցառմանը: 

 

Հարգարժան ներկաներ և շատ սիրելի զինվորներ, վաղը՝ հունվարի 28-ին, ազգովի նշելու ենք Հայոց բանակի 26-րդ տարեդարձը: Հայոց բանակի ծնունդը հայ ժովորդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է, հաղթանակած և կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություններով: Մեր բանակը կայացավ հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ: Հայրենյաց սահմաններն առ այսօր կայուն և անխոցելի են: Տարիներ առաջ հանրապետության նախագահը բանակի կայացման վերաբերյալ հետևյալ բնութագրումն է տվել.
«Հայոց կանոնավոր բանակը` մեր հաղթական բանակը, բռնեց պատերազմի քննությունը, որովհետև այդ օրերին և՛ Արցախը, և՛ Հայաստանը, և՛ ողջ հայությունը դարձան մեկ միասնական ազգ-բանակ, դարձան այն, ինչը մեր պատմիչն անվանում էր «Ասքանազյան ազգ», իսկ Սուրբ Գիրքը՝ «Ասքանազյան գունդ», որն իրենից ներկայացնում է և՛ երկիր, և՛ ժողովուրդ, և՛ զինված ուժ»:
Սիրելի հայրենակիցներ, հայրենյաց պաշտպան զինվորի կերպարը մեր ժողովրդի ընտրագույն կերպարն է: Ի ուրախություն մեզ՝ այսօր մեր կողքին են հայրենիքի և հայության արժանապատվությունը սահմանում պահող քաջասիրտ զինվորներից 22-ը: Մեր զավակները հերոսական անցյալի զարմից են, հայոց փառահեղ պատմության ժառանգորդներն են և առավել փառապանծ պատմության նորօրյա կերտողներն են: Մեր երախտիքն ենք բերում ձեզ, սիրելի զինվորներ, ձեր ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին և հայրենապաշտության զգացումը մշտանորոգ պահելու համար: Մեր խոնարհումն ու մեծարումն ենք բերում քաջակորով հայ զինվորների մայրերին: Առ Աստված աղոթելով՝ հայցում ենք, որ Տիրոջ քաջ վկա, սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգիսն աջակից, զորակից և մարտակից լինի հայրենիքի անվտանգությունն ու սահմանը հսկող զինվորին: Թող բարեգութ Տերը խաղաղ և անխախտ պահի մեր հայրենյաց սահմանները վասն Հայոց անկախ պետականության և ի բարօրություն հայ ժողովրդի: Ամեն:»:

 

Ս. Սարգսի տոնի ու պարգևատրման առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց զինվորներին ու նրանց ծնողներին:

 

Այնուհետև Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի խորհդանշական զարդապատկերով պարգևատրեց ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված 22 լավագույն զինվորներին, ովքեր այս պահին ծառայում են սահմանային գծում և աչքի են ընկել իրենց մարտունակությամբ ու սխրանքներով:

 

Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ մարտական հերթապահություն իրականացնող լավագույն զինվորների պարգևատրումն իրականացվում է արդեն երրորդ տարին: Այս տարի Արարատյան Հայրապետական թեմի կողմից Ս. Սարգսի տոնի առթիվ պարգևատրվեցին լավագույն ժամկետային զինծառայողներից 22-ը: Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ցուցակում ընդգրկված են զինվորներ ամբողջ Հայաստանից:

 

Իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար պարգևատրվող զինվորներից Տիգրան Աբրահամյանը երախտիքի խոսք ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին. «Կյանքը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում արժանապատիվ ու փառքով ապրել, և չկա ավելի մեծ պատիվ, քան սեփական հայրենիքին ծառայելը: Հայրենիք, որի յուրաքանչյուր միլիմետր հատվածն է'լ ավելի է սրբացել թանկ ու հարազատ մարդկանց, մեր զոհված ընկերների կյանքի գնով: Հայոց հողի բոլոր զինվորների անունից ուզում եմ հավաստիացնել. վստահ եղեք, արյամբ գծված մեր սահմանները անառիկ և անսասան կպահենք»:

 

Պարգևատրվող զինվորների ծնողների անունից շնորհակալության խոսք ասաց տիկին Կարինե Այվազյանը. «Մեծ երջանկություն է մեր զինվոր զավակների հետ այս գեղեցիկ տոնը նշելը: Ներկա բոլոր զինվորների մայրերի անունից ուզում եմ երախտիքի խոսք ասել մեր երկրի բարձրագույն ղեկավարությանը և Արարատյան Հայրապետական թեմին` այս հրաշալի առիթը մեզ ընձեռելու ու առաջնագծում իրենց ծառայությամբ աչքի ընկած մեր զինվոր զավակների` այսօր մեր կողքին գտնվելու համար:

 

Ս. Սարգիսն իր նահատակվելուց առաջ մի աղոթք է արել. «Տեր Աստված, բոլոր նրանց, ովքեր կհիշեն իմ անունը, իմ անվան միջոցով կդիմեն քեզ և ինչ-որ բան կխնդրեն քեզնից, իրականություն դարձրու»:

 

Ես` որպես զինվորի մայր, մի խնդրանք ունեմ. թող խաղաղ լինի մեր հողն ու բանակում զինվոր զավակ ունեցող ծնողի սիրտը: Ս.Սարգիս զորավարի տոնը երիտասարդների օրհնության օրն է: Թող օրհնված լինեն մեր բոլոր հայորդիները»:

 

Միջոցառման ավարտին ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանով պարգևատրված զինվորներին տրվեց 10-օրյա արձակուրդ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1899 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք