Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կենդանիների հանդեպ երեխայի վախը կարելի է հաղթահարել՝ տանն ընտանի կենդանի պահելով

Ոգևորված ու ժպտացող մանուկներ, ծնողներ, սեր, բարություն ու շատ ուրախ տրամադրություն: Ահա այսպիսի մթնոլորտում էր ընթանում երեկ ԱՀԹ «Կանա» մանկական շարքի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը: Փոքրիկներին ներկայացվում էր, թե ինչ կարևոր է բնության, կենդանիների հանդեպ հոգատարությունը, ինչպես պետք է սիրել կենդանիներին՝ առանց վնասելու, առանց բնությունն աղտոտելու: Ծնողների հետ քննարկվում էին այն եղանակները, որոնց միջոցով կարող են հաղթահարել ընտանի կենդանիների հանդեպ երեխաների վախերն, ինչ մոտեցմամբ սովորեցնել արժևորել ու գնահատել շրջապատող աշխարհը:


Բանախոսներն էին Տեր Տաճատ ավագա քահանա Դավիդյանը, մանկական հոգեբան Լիլիթ Թովմասյանը, «ՄԻՆԻ-ԶՈՒ» փոքրիկ կենդանիների հետ շփվելու, լուսանկարվելու կենտրոնի համահիմնադիրներ Մարիամ Գրիգորյանն ու Լիլիթ Սարկիսյանը:

 

«ՄԻՆԻ-ԶՈՒ» կենտրոնից Կանա մանկական էին բերվել ընտանի կենդանիներ՝ ճագարներ, կրիա, ոզնի, ծովախոզուկ, բվեճ, թութակ: Երեխաները հնարավորություն ունեին զրույցին զուգահեռ նաև կերակրել, սիրել կենդանիներին, լուսանկարվել ու զանազան հարցեր ուղղել նրանց մասին:

 

Հոգեբան Լիլիթ Թովմասյանը հարցուպատասխան ձևաչափով սկսեց երեխաներից ճշտել, թե ի՞նչ են պատկերացնում բնություն ասելով, ի՞նչ կապ ունի մարդը բնության հետ, ով իրեն ո՞ր կենդանուն է նմանեցնում: Փոքրիկ հոգեբանական թեստի միջոցով պարզում էր, թե ըստ կենդանիների ընտրության բնավորության ինչ գծեր ունեն երեխաները, կամ գուցե հենց այդ գծերն են նրանց մեջ բացակայում:

 

Քահանան ընդգծեց. «Այն մարդը, ով առանց արտոնության ծառ է կտրում՝ մարդասպան է: Նույնպես մեղք է, եթե չհոգանք բնության մասին՝ կեղտոտենք փողոցը, ապականենք Աստծո ստեղծած բնությանը»:

 

«ՄԻՆԻ-ԶՈՒ» կենտրոնի համահիմնադիրներից Մարիամը նշեց. «Ցավոք քաղաքում ապրող երեխաները շատ չեն շփվում կենդանիների հետ, դրա հնարավորությունը չունեն և այդ պատճառով, միգուցե շփոթելով կենդանիներին խաղալիքների հետ, անզգույշ են վարվում նրանց հետ, բայց մենք փորձում ենք ծանոթացնել, որպեսզի կարողանան տարբերել, թե որ կենդանու հետ ինչպես վարվել: Շատ մեծ դեր ունի ծնողի վերաբերմունքը»:

 

Մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին:

 

Պատրաստեց Նարե Ոսկանյանը

 

Կանա Կանա Կանա Կանա Կանա Կանա
Դիտվել է 360 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք