Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ս. Հակոբի տոնը Արարատյան Հայրապետական թեմում

Դեկտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Տոնի առթիվ Ս․ Պատարագ մատուցվեց Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում՝ Երևանի Քանաքեռ համայնքում, Արարատ, Մրգավան և Ներքին Դվին գյուղերի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում: 
 
Ս. Հակոբ Մծբնա հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Նրա բժշկությունների ու հրաշքների մասին բազմաթիվ վկայություններ են մեզ հասել: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: 
 
Ս. Հակոբը թողել է ճոխ կյանքը և դարձել ճգնավոր: Գնացել է Մծբին, հանդիպել Ս. Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, սակայն թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: 
 
Ըստ ավանդության, Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Ս. Մարուգեին հայտնել է, որ Ս. Հակոբն է լինելու Մծբինի աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին: 
 
Այսօր Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնի առթիվ սրբի մասունքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերվեց Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի և այնտեղ մնաց մինչև երեկոյան ժամերգություն: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցի եկած ուխտավորներին մատուցվեց հարիսա: 
 
Արարատում միաժամանակ երկու տոն էր՝ համայնքը նշեց նաև Ս. Հակոբ եկեղեցու կառուցման և օծման 151-ամյակը։ Պատարագի ավարտին կատարվեց Հակոբ անունը կրող մարդկանց օրհնության կարգ, որից հետո եկեղեցու բակում կազմակերպվեց ազգային երգ ու պարով համեմված տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ուխտավորները հնարավորություն ունեցան ճաշակել նաև ավանդական դարձած հարիսան։
 
Տոնական միջոցառումներ տեղի ունեցան նաև Ներքին Դվինի և Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցիներում։ Հավարտ Ս. Պատարագի Ներքին Դվինի համայնքի հավատացյալներին ներկայացվեց նորաօծ սրբապատկեր, որը տեղադրվելու է եկեղեցու Խորանին, իսկ Մրգավանում՝ եկեղեցու բակում, համայնքի դպրոցականները հանդես եկան շարականների երգեցողությամբ ու ազգային երգուպարով: 
 
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Դիտվել է 925 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք