Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ինչպես է ծնվում ներկայացումը

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումների շարքից այս անգամ երեխաներին սպասվում էր անակնկալներով լի զրույց. Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ կազմակերպվող նախապատրաստական հանդիպման ընթացքում նրանք կընդգրկվեն «Սուրբ Ծննդյան գիշերվա հրաշքը» բեմականացման մեջ: Կսովորեն նաև Սուրբ Ծննդյան քառյակներ:

 

Հանդիպման բանախոսն էր Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «Իմ թատրոն Արագածավան»-ի բեմադրող ռեժիսոր Մարինե Ասատրյանը:



Նա երեխաներին նախ հիշեցրեց մանուկ Քրիստոսի Ծննդյան պատմությունը և ներկայացրեց ու բացատրեց երեխաներին, թե ինչպես է ծնվում ներկայացումը:
Միջնադարում մարդկանց համար հանգստի լավագույն տարբերակը եղել է թատրոն հաճախելը, սակայն այդ ժամանակաշրջանում ներկայացումը հիմնականում տեղի էր ունենում սարի գլխին, խաղում էին տղաներ և, ինչպես նշեց ռեժիսորը, հեռավորության պատճառով, որպեսզի դիմախաղը տեսանելի լիներ, կրում էին ուրախ և տխուր դիմակներ, իսկ դիմակների ներսում երկու թիթեղներ էին դրվում՝ իբրև բարձրախոս, որպեսզի ձայնը լսելի լիներ:



Մարինե Ասատրյանը երեխաներին ներկայացրեց նաև, որ թատրոնի շենքի կառուցումից հետո ներկայացումները նոր հարթության վրա դրվեցին և փոխվեց ասելիքը: Բեմում կարևորվեց գեղեցիկ խոսքը, ասելիքը, թե՛ դերասանական կազմի, թե՛ հանդիսատեսի ներկայանալի տեսքը:



«Կանա» կենտրոնի Տիկնանց միության նախագահ Սեդա Մելիքսեթյանը փոքրիկների համար ընթերցեց հատուկ «Կանա» կենտրոնի երեխաների համար իր գրած ինտերակտիվ հեքիաթը, որի ավարտը շարունակեցին երեխաներն իրենց ցանկությամբ:



Նախապատրաստական հանդիպումը շարունակելի է, և ցանկացողները կարող են միանալ այս կիրակի՝ դեկտեմբերի 18-ին:



ԱՀԹ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին՝՝առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ:
Հեռ. (099), (094), (055) 53 00 47:

 

 

Պատրաստեց Նարե Ոսկանյանը

«Կանա» «Կանա» «Կանա» Kana
Դիտվել է 441 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք