Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Օրհնված ջուր և աղոթագրքեր փոքրիկ ընկերներին

Փոքրիկ Ալեքսն ամեն անգամ քահանա տեսնելիս սպասում է, որ իրեն գիրք նվիրեն, ու թեկուզ նա դեռ կարդալ չգիտի, բայց հստակ հավատում է, որ երբ մայրը գիրք է կարդում, ինքը բուժվում է: Այսօր էլ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժվող Ալեքսը ստացավ իր գիրքը՝ փոքրիկ աղոթագիրք, որն օրհնված ջրի հետ միասին նրան ու իր ընկերներին փոխանցեցին տեր հայրն ու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները:
 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշափառ տոնի առիթով ԱՀԹ երիտասարդներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ արդեն երկրորդ տարին է, որ այցելում են մանկական բաժանմունքի փոքրիկներին և նրանց փոխանցում Սուրբ Ծննդյան Ավետիսը: 
 
Տեր Հայրը փոխանցեց Քրիստոսի Ծննդյան ավետիսը, բժշկության աղոթք կարդաց երեխաների համար և օրհնված ջուր հանձնեց նրանց։
 
«Մամ, գիտես, ես այ էս օրը երազումս տեսել էի: Էս ջուրը կտանեմ կլցնեմ շատ բաժակների մեջ ու կխմեմ: Ես տեսա երազումս, որ տենց պիտի անեմ», - ասում է մոր գիրկը նստած փոքրիկն ու փորձում կարդալ, թե ինչ է գրված փոքրիկ աղոթագրքում:
 
Ճիշտ է, սա թեմի երիտասարդների երկրորդ այցելությունն է այս կենտրոն, սակայն նրանք հստակ գիտակցում են, որ այս փոքրիկներն իրենց ընկերության կարիքն ունեն: Այսինքն՝ ընկերությունը սկսվել է և խոստանում է լինել շարունակական:
 
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 1515 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք