Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանն օծեց Խաղաղության և Բժշկության խաչքարերը

Օգոստոսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում տեղադրված երկու խաչքարերը: Սրբազան հորը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ համայնքի անդամներից կազմված թափորը դիմավորեց աղուհացով: Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, նուբարաշենցիներ, հյուրեր: 

 

Սրբալույս Մյուռոնով օծելուց հետո Սրբազան հայրը երկու խաչքարներից մեկը կոչեց Բժշկության խաչքար: Քանդակագործը Գոռ Նադոյանն է: Այն քառաթև է, և բարերար Վարդան Վարդանյանն այն եկեղեցուն է նվիրաբերել ի նշան Աստծո կողմից ծանր հիվանդությունից իր բժշկվելու հանգամանքի: Խաչքարը Մուղնու Ս. Գևորգ եկեղեցու 16-17-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է: Վրան փորագրված է` «Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիվանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ»:



Մյուս խաչքարը Նավասարդ Սրբազանը կոչեց «Հաղթանակի ու խաղաղության խաչքար»: Քանդակագործն Արամ Համբարձումյան է: Այն եկեղեցուն է նվիրաբերել Նուբարաշենի բնակիչ, բարերար Հարություն Օհանյանը: Խաչքարն իր վրա ունի Քրիստոսի ու Ս. Տիրամոր պատկերները, ինչի շնորհիվ այն պատկանում է Ամենափրկիչ խաչքարերի տեսակին:


Սրբազան հայրը, շնորհավորելով նուբարաշենցիներին խաչքարերի օծման առթիվ, իր օրհնությունը բերեց նախաձեռնող բարերարներին ու քանդակագործներին: Նավասարդ Սրբազանը մաղթեց, որ քարակերտ այդ խաչերը` որպես Կենաց ծառի փրկագործության խորհուրդ, դառնան մեր աղոթքներն առ Աստված վերառաքողներ`խաղաղության, հոգու և մարմնի առողջության շնորհաբաշխ վկաներ:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

Խաչքարի օծում Խաչքարի օծում Խաչքարի օծում Խաչքարի օծում
Դիտվել է 1791 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք