Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ամփոփում և նոր ծրագրի սկիզբ «Կանա»-ում

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը գործում է 2016թ. հունիսից:


Ի՞նչ է տվել «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնն իր սաներին և ի՞նչ սպասումներ ունեն երեխաները նրանից: Այս մասին խոսեցին ոչ միայն երեխաները, այլև ծնողներն, ովքեր երեխաներին «Կանա» կենտրոն բերելիս ասել են. «Տանում ենք այնտեղ, որտեղ լույս կա»:
Հունվարի 19-ին «Կանա»-ն ամփոփեց տարին և հրաժեշտ տվեց իր փոքրիկ սաներին: Սաներն իրենց հերթին հրաժեշտին յուրահատուկ մոտեցում էին ցուցաբերել՝ պատրաստելով ներկայացում, որով ավետում էին Փրկչի գալուստը:


Նախքան երեխաները կսկսեին իրենց ներկայացումը Տեր Տաճատը երեխաներին բացատրեց, որ նրանք միշտ աճման մեջ են՝ անկախ տարիքից: «Օրինակ՝ այսօր մեկը խնդրեց Աստվածաշունչը բացատրել և սկսեց հարցեր տալ: Եղան հարցեր, որոնց չկարողացա պատասխանել, բանն այն է, որ ես ևս աճման մեջ եմ, ինչպես դուք եք լինելու ձեր ամբողջ կյանքի ընթացքում», - ասաց Տեր հայրը:


Տեր Զգոնը, ով պարբերաբար կենտրոնի կողքին է, «Կանա»-ն բնորոշեց այսպես. «Այստեղ Աստծո խոսքն է սեմանվում մեր փոքրիկների սրտերում: Երեխաների դաստիարակության ամենակարևոր օղակն ընտանիքն է, այդ իսկ պատճառով ես ողջունում եմ «Կանա» կենտրոնին, որովհետև կենտրոնն օգնում է ճիշտ ընտանիք կառուցել՝ օգնելով նորապսակներին զերծ մնալ տարբեր կողմերից փչող վնասակար քամիներից»:


Մասնագիտությամբ բանասեր Սեդա Մելիքսեթյանը ոչ միայն թոռնիկներին է բերում «Կանա», այլև նրա գործունեության արդյունքներից ոգևորված՝ գրում է երգեր փոքրիկների համար, և այս տարի երեխաները Փրկչի գալուստն ավետեցին՝ տնից տուն անցնելով հենց այդ երգերը շուրթերին: «Այստեղ սովորեցնում են իրար սիրել, զարգանալ և մեծանալ լավ մարդ, և որ ամենակարևորն է՝ «Կանա»-ն փոքրիկներին ծանոթացնում է Աստծո հետ», - ավելացրեց տիկին Սեդան:


«Կանա»-ն իր շուրջ է հավաքել ոչ միայն երեխաների, այլ նաև տաղանդավոր մարդկանց, ովքեր ամեն վայրկյան նրա կողքին են: Տիկին Սեդայի գրած երգերը գործիքավորել է մասնագիտությամբ երաժիշտ Լուսինե Գալստյանը, նաև օգնել է, որ երեխաները հեշտ սերտեն երգերը: Տիկին Լուսինեն ևս իր թոռնիկների հոգևոր դաստիարակության համար ընտրել է «Կանա»-ն. «Անշուշտ, մենք տանը չենք կարող երեխաներին տալ այնպիսի հոգևոր դաստիարակություն, ինչպիսին նրանք ստանում են կենտրոնում՝ հոգևոր հայրերի մատուցմամբ»:


«Կանա»-ն շնորհակալություն հայտնեց կամավորներին՝ նվիրելով փոքրիկների պատրաստած ձեռագործ հրեշտակները:


Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ Տաթև Զախարյանը բազմաթիվ կամավորներց մեկն է, ով միշտ հանդես է գալիս իր առաջարկներով ու գաղափարներով. «Մասնագիտությամբ իրավաբան եմ և աշխատում եմ փաստաբանական գրասենյակում, բայց զբաղվածությունս չի խանգարում լինել այս փոքրիկների կողքին»:


«Կանա»-ն իր սաներին ձեռնունայն հրաժեշտ չտվեց, այլ շնորհեց պատվոգրեր, որոնք հանձնեց անձամբ Տեր Տաճատը: Multi Boom-ի ուրախ խաղավարն ու խոզուկ Պեպա և Ջորջ հերոսները «Կանա» մանկական դասընթացի սաներին ուրախ երեկո պարգևեցին:


Իսկ վերջում երեխաները փորձեցին մի քանի բառով բնորոշել, թե ինչ տվեց նրանց «Կանա»-ն: Փոքրիկ Անիտա Խաչատրյանը, ում համար «Կանա»-ն արդեն իսկ տուն է դարձել, ոգևորված ասում էր. «Կանան ինձ տվել է իմաստություն, այստեղ ձեռք եմ բերել հրաշալի ընկերներ, ծանոթացել եմ Տեր Տաճատի հետ, և նրա հետ շփվելն ինձ շատ գիտելիք է տվել»: Իսկ Միլենա Գալստյանին ամենաշատը դուր էր եկել այն, որ ինքն այժմ իր ձեռքերով կարող է պատրաստել գեղեցիկ հրեշտակներ և նվիրել դրանք իր ընկերներին:


Հունվարի 22-ից 7 կիրակի անընդմեջ քրիստոնեական դասընթաց կկազմակերպվի 10-14 տարեկան դեռահասների համար:

 


Նելլի Թառփոշյան

 

Կանա Կանա Կանա Կանա Կանա Կանա
Դիտվել է 1173 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք