Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում նշվեց Սուրբ Ավետարանիչների տոնը

Հոկտեմբերի 21-ին Սուրբ Ավետարանիչների տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում հոգևորականների ու հավատացյալների նախաձեռնությամբ տեղի ունեցավ գեղեցիկ տոնախմբություն:

 

Տոնը նվիրված էր չորս ավետարանիչներին` Ս. Մատթեոսին, Ս. Մարկոսին, Ս. Ղուկասին և Ս. Հովհաննեսին, ովքեր գրեցին Նոր Կտակարանի առաջին չորս գրքերը՝ Ավետարանները:


Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ միջոցառումը Արտաշատի կենտրոնական հրապարակից մեկնարկեց տոնական խաչերթով, որը հրապարակից շարժվեց դեպի Ս․ Հովհաննես եկեղեցի: Խաչերթին մասնակցում էին Արտաշատի քաղաքային իշխանությունը, Արտադպրոցական կենտրոնի դհոլահարների խումբը, զինվորականներ, դպրոցականներ: Այնուհետև եկեղեցում մատուցվեց տոնական Ս. Պատարագ:
«Այսօր մենք ճանապարհ անցանք, եկանք դեպի եկեղեցի և այդ ճանապարհին Աստված էր մեզ առաջնորդում։ Խաչը, որ ուղեկցում էր մեզ, յուրաքանչյուրիս խաչն է։ Հենց այդ խաչն է, որ մեզ օգնում է հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները։ Այն մեզ ուժ է տալիս դիմակայենք փորձություններին», - հընթասց Ս. Պատարագի ասաց օրվա պատարագիչ Տեր Թաթուլը՝ շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ:


Ս. Պատարագից հետո տոնական տրամադրությունը եկեղեցու բակում շարունակվեց համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցան Արտաշատի արտադպրոցական կենտրոնի ու տարբեր դպրոցների սաներ:


Համերգին զուգահեռ 16 պատանիներ մասնակցեցին շախմատի միաժամանակյա խաղի, որը վարում էր միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Ավարտին բոլոր մասնակիցներն արժանացան պատվոգրերի ու նվերների, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ շնորհակալագրի:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկավական բաժին

Շախմատ համերգ
Դիտվել է 143 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք