Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը

Հուլիսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համահայկական այս փառատոնը երրորդն է և այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:


Միջոցառումը մեկնարկեց ազգային Օրհներգով և Տերունական աղոթքով:


Ապա Նավասարդ Սրբազանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը մասնակիցներին ու կազմակերպիչներին, որտեղ ի մասնավորի ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով ողջունում ենք «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի նախաձեռնությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին:
 

Ուրախությամբ ենք անդրադառնում, որ փառատոնը հնարավորություն է ընձեռում շնորհաշատ կատարողներին և համույթներին իրենց արվեստով ներկայանալու և մշակութային տոնական ու հիշարժան օրեր պարգևելու համայն մեր ժողովրդին: Սփյուռքի նախարարության կողմից իրակացվող համահայկական այս փառատոնը առիթ է նաև Մայր Հայրենիքում համախմբելու Սփյուռքի Մեր զավակներին, ամրապնդելու կապերն ու փոխհարաբերությունները հայկական գաղթօջախներում և Հայաստանում մշակույթի ասպարեզի նվիրյալների միջև:
 

Մեր գնահատանքն ենք բերում փառատոնը կազմակերպող ՀՀ Սփյուռքի նախարարությանը և բոլոր աջակիցներին՝ մաղթելով Տիրոջ զորակցությունը նրանց ազգանպաստ ձեռնարկներին:
 

Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը՝ հավատարիմ քրիստոնեական իր ոգուն, ազգային նկարագրին ու արժեքներին, Տիրոջ շնորհներով միշտ ունենա հոգևոր ներուժը՝ ստեղծելու մնայուն արժեքներ, ծաղկուն պահելու իր մշակույթը և կերտելու իր վաղվա օրը:
 

Թող Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր հայրենիքը, զորացնի մեր պետականությունը, հավատքով ու հայրենյաց սիրով միասնական պահպանի և օրհնի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի»:

 


ՀՀ Նախագահի ողջույնի խոսքն ընթերցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:


Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան աշխարհի 25 երկրներից ժամանած 48 հայկական պարախմբեր: 25-ամյա 25 երիտասարդ մեկական նախադասությամբ ներկայացրեց 25 տարիների ընթացքում Անկախ Հայաստանի` իր պատկերացմամբ հիմնական նվաճումները:

 


Փառատոնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախագծերի մշակմանը:

 


Ինչպես տեղեկացնում է Սփյուռքի նախարարությունը, փառատոնին մասնակցության 110 հայտ են ներկայացրել աշխարհի 25 երկրից 1429 մասնակից, այդ թվում 48 պարախումբ, 11 երգչախումբ և գործիքային համույթ, 54 անհատ կատարող: Պարախմբերից, երգչախմբերից և անհատ կատարողներից 72-ը փառատոնին մասնակցում են առաջին անգամ:





Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

«Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնը
Դիտվել է 836 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք