Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արևշատի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում աղոթք բարձրացվեց հայրենապաշտպան զինվորների համար

Անցնող տարին հայ ժողովրդի կյանքում արձանագրեց սահմանային լարվածություն և պատերազմական իրավիճակ, որի արդյունքում ունեցանք անձնվիրումի և հերոսության փառահեղ օրինակներ, ինչպես նաև, ցավ ի սիրտ, անդառնալի կորուստներ: Որպես գնահատանքի և երախտագիտության փոքրիկ արտահայտություն՝ դեկտեմբերի 25-ին ԱՀԹ Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցված տարեվերջյան Ս. Պատարագի ավարտին աղոթք բարձրացվեց հայոց հաղթական բանակի բոլոր քաջարի զինվորների և սպաների խաղաղ ու անվրդով ծառայության համար: Հայրենապաշտպան նվիրյալների համար առ Աստված աղոթք բարձրացրեցին Արևշատի զինծառայողների ընտանիքները, հավատացյալ համայնքն ու ուխտավորները: Ներկա էր նաև ապրիլյան պատերազմի ընթացքում հակառակորդի ուղղաթիռը հերոսաբար խոցած Նարեկ Մալխասյանը:


«Այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ հերոսությունն ու խիզախությունը հայ զինվորի արյան ու գիտակցության մեջ է մտել, հայրենյաց սրբությունների համար մինչև վերջ պայքարելու պատրաստակամությունը մնացել է նրա էության անբաժան մասը: Մենք ունենք հավատքի ու գաղափարի հզոր զինվորներ, ովքեր իրապես արժանավոր ժառանգներն ու նվիրյալ պաշտպաններն են մեր հերոսների արյամբ սրբացած մայր հողի: Խունկ և աղոթք բոլոր հերոսների անմահ հիշատակին, փառք և պատիվ բոլոր զինվորներին, ովքեր անձնվիրաբար և ամենօրյա խիզախումով ապահովում են մեր խաղաղությունն ու անդորրը»,- մինչ աղոթքի սկսվելը ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Արևշատի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը:

 

 

Դիտվել է 575 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք