Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Թիկունքի աջակցությունը կրկին հասավ սահմանում ծառայողներին

Ապրիլի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմից մի խումբ հոգևորականներ ու աշխարհականներ ուղևորվեցին Արցախ` տանելով սահմանապահների համար հավաքված սնունդը, հագուստն ու առաջին անհրաժեշտության իրերը: Խմբում էին ԱՀԹ Նորք-Մարաշի Ս. Աստվածածին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվներ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանը, Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Կարապետ քահանա Կարապետյանը, թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը, սարկավագներ: Նրանք իրենց հետ տարել էին Երևանի բոլոր եկեղեցիների ու Արարատի մարզի մի շարք համայնքների կողմից հավաքված իրերը` սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք ու ծխախոտ:


Հասնելով Արցախ՝ նրանք Ստեփանակերտից մեկնեցին Մարտակերտի և Մատաղիսի սահմանային զորամասեր, ապա՝ առաջնագիծ:


Զորամասերում ու հենակետերում Տեր հայրերի գլխավորությամբ միասնական աղոթք հնչեցվեց Հայոց բանակի զորացման, զոհված զինվորների հոգիների հանգստության և վիրավոր զինվորների ապաքինման համար, ապա Տեր հայրերն օրհնված խաչեր բաժանեցին զինվորներին:
Սա թեմի քահանաների արդեն հինգերորդ այցելությունն էր Արցախ:


Նախորդ շաբաթ Արցախ էին մեկնել նաև Վերին Արտաշատի Ս. Աստվածածին, Երևանի Ս. Երրորդություն, Դալարի Ս. Աստվածածին, Մխչյանի Ս. Հովհաննես, Արարատի Ս. Հակոբ, Վեդու Ս. Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվներ Տ. Մխիթար քահանա Ալոյանը, Տ. Զենոն քահանա Բարսեղյանը, Տ. Եփեմ քահանա Հարությունյանը, Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Տ. Դավիթ քահանա Սահակյանը և Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը` իրենց հետ տանելով Արարատի մարզի բոլոր եկեղեցիների համայնքների կողմից հավաքված օգնությունը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

1 1 1 1 1 1 1 1 1 1
Դիտվել է 764 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք