Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Աստվածածնի Վերափոխման տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Օգոստոսի 13-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

 

Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Խաղողօրհնեքի կարգ: Հավարտ Ս. Պատարագի թեմի մի շարք համայնքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվեցին տոնական միջոցառումներ:


Տոնի նախօրյակին՝ օգոստոսի 12 –ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ այցելեցին ծննդատուն։ Այցը նվիրված էր Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, քանի որ արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն թեմի երիտասարդները Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելում են ծնդատներ և պոլիկլինիկաներ՝ օրհնելու և փոխանցելու նորածիններին ու նրանց ընտանիքներին Մկրտության խորհուրդը:


Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում  Սուրբ Պատարագի ավարտին կազմակերպվել էր ազգային տոնախմբություն՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ: Ելույթ ունեցավ «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը, որի կատարմամբ տոնախմբության մասնակիցները դիտեցին Աստվածամոր տոնին նվիրված «Աստվածածնա պար»-ը և այլ պարեր և ունկնդրեցին երգեր: Ապա ներկաները, միանալով «Գյովնդ» շուրջպարին, դարձան տոնախմբության անմիջական մասնակիցները:


Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում Պատարագից հետո կազմակերպվել էր տոնին նվիրված միջոցառում, որի ընացքում պարային համարներով հանդես եկան «Նոր դար» պարային համույթի սաները:  


Ավանի Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագից հետո Ավանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանն օրհնեց եկեղեցու բակում տեղադրված տոնական սեղանը, որից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն: Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի կազմակերպած տոնական միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Վերադարձ» ազգագրական երգի-պարի խումբը և Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները:


Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում տոնի առթիվ կազմակերպվեց բակային ճամբար` որի ընթացքում երեխաներն առավել մանրամասն կարողացան ծանոթանալ տոնին և հաղորդակից դարձան օրվա խորհրդին:


Արարատի Ս.  Հակոբ  եկեղեցում  Ս.  Պատարագից հետո կազմակերպվեց մատաղի հյուրասիրություն:


Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում  հավարտ Ս. Պատարագի ամփոփվեց օգոստոսի 7-13-ը ընկած ժամանակահատվածում եկեղեցում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցող բակային հոգևոր ճամբարը, որին մասնակցում էև շուրջ 200 երեխա։ Ճամբարական ծրագրին իրենց աջակցությունն էին ցուցաբերել եկեղեցու Երիտասրադաց միության, այդ թվում նաև կամավոր, շուրջ 15 երիտասարդներ:

 

Օգոստոսի 13-ին Ս. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ևս մեկ կարևոր միջոցառում: Առաջին անգամ Արտաշատի Կապի զորամասի նորակոչիկներն իրենց զինվորական երդումը տվեցին եկեղեցում: Շարունակելով եկեղեցուց բանակ գնալու ավանդույթը՝ նորակոչիկները ծառայության անցնելուց առաջ մասնակցեցին Ս. Պատարագին և հայրենիքի պաշտպանության դժվար ուղին սկսեցին հենց եկեղեցուց:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

m zinvor zinvor
Դիտվել է 145 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք