Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հոգևոր կրթարանը երեք տարեկան է

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն արդեն երեք տարեկան է: Երեք տարի է, ինչ գործում է մի կրթարան, ուր երեխաները, Աստծո խոսքով կրթվելով և դաստիարակվելով, սովորում են հավատքի իրենց առաջին քայլերը կատարել, ուր երեխաները Սուրբ Գրքից և սրբերի վարքից ծանոթանում են, թե հազարամյակների ինչ ուղի է անցել հավատքը, ուր երեխաները ոչ միայն տեղեկանում են Հայ եկեղեցու տոնացույցին, այլև իրենց մասնակցություն են ունենում եկեղեցական արարողություններին և տոներին:
 
Արդեն մի քանի տարի է, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սիրիայից գաղթած հայերից համայնք է ձևավորվել, որի փոքրիկ անդամները, ևս ներգրավված լինելով հոգևոր կյանքում, հաճախում են կիրակնօրյա դպրոց: Սիրիահայ համայնքից Գույումջյան Հովսեփն իր ընտանիքով Հայաստան է եկել երեք տարի առաջ և երեք տարի է, որ իր տղաները՝ Կարոն (8 տ.) և Հրակը (5տ.), հաճախում են կիրակնօրյա դպրոց: Նա ասաց, որ Սիրիայում հայորդիները դեռ մանկապարտեզից են ծանոթանում Աստծո խոսքին: 
«Մեզ համար կարևոր է, որ երեխաները քրիստոնյա մեծանան, եկեղեցասեր լինեն: Տղաներս «Տերունական աղոթք»-ից բացի մի քանի աղոթքներ են սովորել և տանը բոլորս միասին աղոթում ենք ճաշից առաջ և հետո, քնելուց առաջ: Իրենք սիրով են հաճախում կիրակնօրյա դպրոց, մանկավարժը՝ ընկեր Սիրանուշը, մեծ նախանձախնդրությամբ և հետաքրքիր մեթոդներով երեխաներին ծանոթացնում է սուրբգրային պատմություններին և եկեղեցական տոներին»:
Կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Սիրանուշ Գումրույանը քրիստոնեական դաստիարակությունը կարևորում է նախ և առաջ նրանով, որ երեխաները՝ որպես հայ քրիստոնյա, սովորում են աղոթել և իրենց սովորածը թղթին հանձնելով՝ կարողանում են լիարժեքորեն պատկերացում կազմել դասի վերաբերյալ»:
Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ երեխայի փրկության նկատմամբ անտարբերությունը մեղքերից մեծագույնն է. 
«Ոչ թե հոգ տանենք, թե ինչ հարստություն ենք թողնելու մեր զավակին, այլ թե ինչ առաքինություններ ենք նրան ուսուցանելու, առաքինություն, որ մեծագույն գանձ է, անասելի հարստություն և որը օր օրի ավելի մեծ հարստություն է բերելու: Ուզո՞ւմ ես, որ որդիդ քեզ հնազանդ լինի, փոքրուց նրան դաստիարակիր Աստծո խոսքի համաձայն: Մի մտածիր, որ Աստծո խոսքը լսելը կարող է նրա համար ավելորդ լինել: Երբ դուք դաստիարակում եք ձեր երեխաներին, ապա նրանք էլ իրենց հերթին դաստիարակում են իրենց երեխաներին և այսպես հաջորդաբար մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը: Դաստիարակության այս կարևորագույն ընթացքը պարգև է բերելու նրան, ով ծառայել է որպես արմատ»:
 
Կարինե Սուգիկյան
Դիտվել է 122 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք