Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ ու վեմ քարեր

Դեկտեմբերի 15-ին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ ու վեմ քարեր: 

 

Արարողության ավարտին Սիոն Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Գերաշնորհ Տ. Նավասարդ աքրեպիսկոպոս Կճոյանին՝ օծման արարողությունը կատարելու հնարավորությունն իրեն ընձեռելու համար: Ապա Սրբազան հայրը շնորհավորեց հավատացյալներին նորաօծ պատկերներ ու խաչվառներ ունենալու առթիվ և հիշեցրեց. «Մեր Եկեղեցին պատկերապաշտ չէ, քանզի մենք միայն մեր Տիրոջն ենք պաշտում: Մեր Եկեղեցին պատկերահարգ է, քանզի դրանք ներկայացնում են Տիրոջ տնօրինական խորհուրդները և սրբերի առաքինությունը։


Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին ու հեղինակներին: Թող Աստված բարություն, սեր և խաղաղություն ներշնչի բոլորիս, որպեսզի Աստծո Սուրբ Աջի ներքո ապրենք խաղաղությամբ»:


Եկեղեցու կանոնների համաձայն սրբապատկերը, խաչվառը, վեմ քարը գործածվելուց առաջ նախ լվանում են ջրով ու գինով, ապա՝ Սրբալույս մյուռոնով օծվում: Վեմ քարը կիրառվում է խոնարհված եկեղեցիներում (որոնց Ս. Սեղանն օծված չէ) Ս. Պատարագ մատուցելիս, քանի որ Մեր Տիրոջ Մարմնի ու Արյան խորհուրդը՝ Ս. Հաղորդությունը պատրաստվում է օծված քարի վրա:


Խաչվառները, սրբապատկերները կզարդարեն առաջնորդանիստ Ս. Սարգիս, Զորավոր Ս. Աստվածածին, Քանաքեռի Ս. Հակոբ, Ներքին Դվինի Ս. Հակոբ, Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցիները, իսկ օծված վեմ քարերը Զորավոր Ս. Աստվածածին ու Ներքին Դվինի Ս. Հակոբ եկեղեցիների հոգևորականները կգործածեն դեպի խոնարհված եկեղեցիներ կատարվող ուխտագնացությունների ժամանակ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Օծում Օծում Օծում Օծում
Դիտվել է 601 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք