Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Խուլերի համար՝ Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով


Սեպտեմբերի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Ղուկասի Ավետարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Արևելյան Ուղղափառ Եկեղեցու, Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Միացյալ Աստվածաշնչային Ընկերությունների ներկայացուցիչներ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներ և ուսուցիչներ:

 

Միջոցառումն աղոթքով բացելու պատիվը տրվեց Նիգերիայի Աբուջայի Կաթոլիկ թեմի կարդինալ, Միացյալ Աստվածաշնչային Ընկերությունների Գլոբալ խորհրդի անդամ Ջոն Օնայեկանին:

 

Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանը, ողջունելով ներկաներին, պատմեց, որ Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համագործակցության արդյունքում Հայաստանի խուլերի համար արդեն երրորդ տեսասկավառակն է թողարկվում: Նախորդ տարի պատրաստվեց «Հին Կտակարանը ժեստերի լեզվով» և «Նոր Կտակարանը ժեստերի լեզվով» տեսասկավառակները: Այս տարի արդեն պատրաստ է Ղուկասի Ավետարանը: Պարոն Գաբուջյանը նշեց, որ ծրագիրը կյանքի կոչվեց Ամերիկյան Աստվածաշնչային Ընկերություն հովանավորության շնորհիվ:

 

Ծրագրի հեղինակ և նախաձեռնող, Արարատյան Հայրապետական թեմի խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանն իր խոսքում ևս շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնեցին իրականություն դարձնել խուլերի համար կարևոր այս ձեռնարկը: Տեր հայրը իր երախտիքի խոսքերն ուղղեց Նավասարդ Սրբազանին, ով ավելի քան մեկ ու կես տասնամյակ առաջ իրեն վստահեց խուլերի համայնքի հոգևոր խնամքը, հորդորեց սովորել ժեստերի լեզուն: Տեր հայրն իր և բոլոր խուլերի անունից, ի դեմս Եզնիկ Սրբազանի և Արշավիր Գաբուջյանի, շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը, որի ֆինանսական աջակցությամբ կյանքի կոչվեց տեսասկավառակների պատրաստումն ու հրապարակումը:

 

Տեսասկավառակի նկարահանումներն իրականացրել են խուլերը:

 

Պաշտոնական մասի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի խուլերի մնջախաղի թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Իննա Հախնազարյան) ներկայացրեց Ավետարանական պատմություններ՝ Քրիստոսի մանկության, գործած հրաշքների, փորձությունների ու խաչելության մասին:

 

Ներկայացումից ու տեսասկավառակի մեծածավալ աշխատանքներից ոգևորված՝ ներկաներին ողջունեց Միացյալ Աստվածաշնչային Ընկերությունների գլխավոր տնօրեն Մայքլ Պերաուն՝ շնորհակալություն հայտնելով այն ջերմության համար, որ իրեն փոխանցեցին խուլերը:

 

Միջոցառման ավարտին հյուրերին ու խուլերի համայնքին իր օրհնության ու գնահատանքի խոսքն ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

 

Արևելյան Ուղղափառ Եկեղեցու, Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Միացյալ Աստվածաշնչային Ընկերությունների ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են «Սուրբ Գիրքը փոփոխվող աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում: Այս օրերին հիշյալ կառույցների միջև ստորագրվել է Փոխըմբռնման և համագործակցության հուշագիր:



Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 1993 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք