Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Տեր հայր, ես մկրտված չեմ»

Յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևոր է մասնակցել Սուրբ Պատարագին և Հաղորդություն ստանալ։ Սակայն մինչ Սուրբ Հաղորդութուն ստանալն անձը պետք է մկրտվի, քանի որ այս Խորհուրդից հետո է, որ անհատը դառնում է եկեղեցու անդամ և հաղորդակցվում Քրիստոսի հետ: Այս ամենը հստակ գիտակցում են նաև «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոնի թե՛ աշխատակազմը, թե՛ բնակիչները։


«Որոշ ժամանակ առաջ կենտրոնի բնակիչները եկել էին եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Պատարագին, որի ավարտին սպասում էի, որ բոլորը կգան Հաղորդություն ստանալու, սակայն ընդամենը 7-8 հոգի մոտեցան։ Պատարագի ավարտին մոտեցա կենտրոնի բնակիչներից մեկին՝ Կարենին, հարցնելու, թե ինչո՞ւ չմոտեցավ Հաղորդությանը ու նա պատասխանեց. «Տեր հայր, մկրտված չեմ», - պատմում է Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը։


Հունիսի 9-ին «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոնում տեղի ունեցավ հաստատութան 11 բնակիչների Ս․ Մկրտությունը։


«Այստեղ գտնվողներից յուրաքանչյուրն ավելի մեծ հավատք ունի և ավելի մաքուր է, քան մեզանից յուրաքանչյուրը։ Նրանք ունեն հոգևոր սննդի կարիք և մեծ ոգևորությամբ են մոտենում այս հարցին։ Այսօր մկրտվելով` մեր բնակիչների մոտ ամրապնդվեց հավատքն Աստծո և մարդկանց հանդեպ», - ասում է կենտրոնի տնօրեն և մկրտված երեխաների կնքահայր Սամվել Խաչատրյանը։


«Ձորակ»-ի բնակիչները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել այս իրադարձությանը և հյուրերի ու կենտրոնի աշխատակազմի համար պատրաստել էին փոքրիկ երաժշտական ծրագիր։


«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, վստահ եմ, որ եղավ Աստծո նախախնամությամբ։ Մենք ընդառաջ ենք գնում այս բոլոր երեխաներին և մեր հավատքով ու Աստծո զորությամբ փորձում ենք առողջություն բերել նրանց։ Տա Աստված, որ այդ հրաշքը տեղի ունենա։ Հավտքով պետք է մոտենանք այս խորհրդին, որի արդյունքում շատերը կբժշկվեն», - արարողությունից հետո ներկաներին այս խոսքով դիմեց Տեր հայրը։


Մկրտությամբ միայն, իհարկե, ամեն ինչ չի սահմանափակվում։ Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը կշարունակի ամեն հինգշաբթի այցելել կենտրոնի բնակիչներին, ինչպես նաև հետագայում նախատեսվում է ուխտագնացություն կկազմակերպվի դեպի Գյումրի՝ Ս. Յոթ Վերք եկեղեցի։

 

Մկրտությունը հավատքի խորհուրդն է, Դրոշմը՝ հույսի, Հաղորդությունը՝ սիրո և խաղաղության։ Թող հավատքը, հույսը, սերն ու խաղաղությունը օգնեն կենտրոնի բնակիչներին բուժման ընթացքում։

Մկրտություն Մկրտություն Մկրտություն
Դիտվել է 1863 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք