Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հայկական դիմակահանդեսի հետքերով

Ուրախություն, խրախճանք, հյուրասիրություն, թատերական ներկայացումներ, երգ, պար ու դիմակահանդես։ Երկու շաբաթվա ընթացքում Երևանը նշեց Բուն բարեկենդանի տոնը։ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ, Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն մի քանի տարի այս տոնը բացառիկ հնչեղություն է ստանում և վերադառնում է ժողովրդական ակունքներին:

 

Հնում բարեկենդանի տոնախմբությունները սկսվում էին տոնից մի քանի օր առաջ: Խնջույքների անբաժան ուղեկիցներն ազգային երգերն ու պարերն էին, որոնք սկսվում էին առաջին օրը և օրեցօր աշխուժանում, բազմամարդ էին դառնում:


Տոնի հաջորդ կարևոր տարրերը ազգային դիմակներն ու խաղերն էին: Դեռ հնագույն ժամանակներում տոնախմբությունների, թատերական ներկայացումների կամ որսորդության ընթացքում հայերը դիմակ հագնելու սովորություն ունեին: Ազգագրագետները նշում են, որ հնում հայերն այս տոնի դիմակները պատրաստել են ձեռքով: Դրանք խորհրդանշում էին մարդու ցանկությունը, այն տեսլականը, թե ինչպիսի՞ն պիտի լինի ինքը նոր տարում:


Այս տոնն այնքան է սիրվել ժողովրդի կողմից, որ այն անվանել են «Հայոց ազգի օրեր»: Այն հայկական հին ու ամենաուրախ տոնն է եղել, որը նշել են երկու շաբաթ ուտել-խմելով, երգով, պարով, ուրախ խաղերով, դիմակահանդեսներ կազմակերպելով:


«Ելի՜ր, կե՜ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. 19:7) : Այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Սակայն, մինչ պահքին հասնելը բարեկենդան օրերի ճանապարհն անցնում է Երևանի վարչական բոլոր շրջաններով՝ հիշեցնելով դրախտային կյանքի ու ազգային ավանդույթների մասին և տոնական քայլերթով հասնում է Ազատության հրապարակ:


«Բարեկենդա՜ն է,  բարեկենդա՜ն»…: Եթե երևանյան փողոցներում լսվում են այսպիսի բացականչություններ, ուրեմն տոնն արդեն քաղաք է հասել, և ավանդական քայլերթը առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց շարժվել է դեպի Ազատության հրապարակ:


Փետրվարի 11-ին Բուն բարեկենդանյան տոնական քայլերթի մեկնարկը տրվեց Ս. Պատարագով, որից հետո մասնակիցները երգով, պարով, դիմակներով ու ուրախ բացականչություններով ճանապարհ ընկան ազգային դիմակահանդեսի հետքերով:


Այս տարի քայլերթն ունեցավ թեմատիկ կանգառներ: Յուրաքանչյուր կանգառում մասնակիցներին սպասում էին անակնկալներ և թատերական ներկայացումներ:
Խաղերից, պարից ու թատերական ներկայացումներից բացի, տոնակատարության ընթացքում անցկացվեց նաև ձեռագործ իրերի և բարեկենդանյան տոնին հատուկ ուտեստների ցուցահանդես-վաճառք:


Ժողովրդական տոնը ժողովրդի առօրյայի մասը դարձնելն այդքան էլ դժվար չէ, եթե կան մեկ նպատակի շուրջ համախմբված նվիրյալներ, որոնց շնորհիվ տոնն ամեն տարի մեծացնում է իր շրջանակը՝ ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավելով:


Պետություն, եկեղեցի, ժողովուրդ. այս կապի ամրության շնորհիվ է, որ հայկական ավանդույթները, ազգային դիմագիծը, մշակույթն ու հավատքը կկարողանան դիմակայել ժամանակի մարտահրավերներին։


Տոնի բուն նպատակներից մեկը «ազգային դիմակի» վերհանումն է, մասնակի նորացումներով դրա պահպանումն ու տարածումը:
«Բարեկենդա՜ն է, բարեկենդա՜ն, մեզ բարեկենդան ձեզ՝ բարի Զատիկ»:

 


Հասմիկ Թամամյան 

Դիտվել է 435 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք