Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»

Իր պատմության առաջին իսկ օրերից քրիստոնեությունը գործում է իբրև համախոհ և միահոգի համայնք, որից կազմված եկեղեցին, որպես մայր, խնամում և հոգ է տանում իր զավակներին: «Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է», - ասել է Ս. Կիպրիանոս Կարթագենացին: Եկեղեցու մարմինը կազմող համայնքն, աստվածային սիրով միավորված, իրականացնում է ոչ այլ ինչ, եթե ոչ աստվածադիր սիրո առաքելությունը: Եվ սիրո առկայությամբ և ընդհանուր սիրո հաղորդությամբ է օր-օրի աճում և զորանում եկեղեցու մարմինը:


Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Քրիստոսի սիրո իրագործմանն ու առաքելությանը հավատարիմ, հոկտեմբերի 26-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Ենոքյան ընտանիքին, որը բնակվում է Հույսի ավանի 2-րդ թաղամասի 4/98 հասցեում: 41-ամյա Փիրուզա Ենոքյանն ամուսնու մահից հետո արդեն տասներկու տարի միայնակ է խնամում իր չորս զավակներին: Տիկին Փիրուզայի երեք դուստրերն ուսանել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում և այժմ աշխատանք են փնտրում, իսկ 14-ամյա որդին դպրոցական է: Սոցիալապես անապահով ընտանիքը փորձում է իր կարիքները մասամբ հոգալ ընտանեկան նպաստի և տիկին Փիրուզային հատկացվող հաշմանդամության թոշակի գումարներով:


Բազմազավակ ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որը տրամադրել էր մոսկվաբնակ Կարինա Համբարձումովան՝ ի հիշատակ իր վաղամեռիկ որդու՝ Դավիթ Համբարձումովի: Ենոքյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին:


Քրիստոս իր հետևորդներին նոր պատվիրան տվեց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:34-35): Այդ սիրո արտահայտությունն է նաև մահացած հարազատի համար աղոթքը, որն, ըստ եկեղեցու հայրերի, կարևոր է զուդորդել նաև նրանց հիշատակին նվիրված ողորմություններով:

 


Կարինե Սուգիկյան

Դիտվել է 540 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք