Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սեր բովանդակող քայլերթ

Սիրո բերկրանք էր մաղթում երիտասարդներին Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը, ով առաջնորդում էր քայլերթը դեպի Սիրահարների այգի: 
 
Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպած քայլերթը։
 
Թափորի աջ կողմում, ձեռք ձեռքի տված քայլում էին երիտասարդները՝ իբրև սիրո ամրության նշան, ձախ կողմում զինվորներն էին՝ իբրև ուժի, հաղթանակի ու քաջության նշան։
 
Այսպես ձեռք ձեռքի տված՝ երիտասարդը, քահանան, սիրահարը, զինվորը, պարզ քաղաքացին ու փոքրիկ երեխան Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց քայլեցին դեպի Սիրահարների այգի։
 
Ընդհանրապես, յուրաքանչյուր ճանապարհ գնալուց կամ ինչ-որ գործ ձեռնարկելուց առաջ քրիստոնյան գնում է եկեղեցի, հետո կտրում-անցնում իր ճանապարհը և եթե ընթացքում դիմակայում ու հաղթահարում է փորձությունները, ապա հասնում է վերջնակետին։
Տոնի առիթով կազմակերպված այս քայլերթը յուրաքանչյուրի համար կարող է հիշեցում լինել, թե ինչպես քայլել այն ճանապարհով, որը պետք է հասցնի վերջնակետին։
 
Քայլերթի մասնակիցները հաղորդ եղան Ս․ Պատարագին, ստացան Աստծո օրհնությունն ու ճանապարհ ընկան: Այս անգամ ճանապարհ ընկնելու առիթը սերն էր, իսկ վերջնակետը՝ Սիրահարների այգին։ 
Ճանապարհը սկսվեց երգուպարով, զուռնա-դհոլով, բայց եղան նաև դժվարություններ՝ ցուրտն ու երկար ճանապարհը, որ պետք է անցնեին ոտքով: Սակայն ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա նպատակ։ Իսկ նպատակն ազգային տոներն ու ավանդույթները հիշելն ու գնահատելն է։ 
 
Հասմիկ Թամամյան 
Դիտվել է 344 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք