Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Քրիստոսի Պայծառակերպության լույսը

Երկրային կյանքի երրորդ տարվա ամռանը Քրիստոս, Իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասածությունից վեց օր անց, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրացավ Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվեց։  Դեմքն արեգակի նման պայծառացավ, իսկ զգեստները լույսի պես ճերմակեցին:

 

Թաբոր լեռան վրա Քրիստոս աշակերտների առաջ հայտնվեց Իր տեսանելի կերպի մեջ։ Միշտ չէ, որ մարդիկ կարողանում են տեսնել Աստծո փառքը: Ավետարանում սա եզակի դեպքերից է, երբ մարդը կարողանում է Աստծուն տեսնել Իր Փառքով:

 

Աշակերտների ապշած աչքերի առաջ Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի (Ս. Գրիգոր Տաթևացի,«Քարոզ Վարդավառի»):

 

Չնայած Հիսուսի պայծառակերպությունը կատարվեց Նրա Հարությունից առաջ, սակայն տոնը նշվում է Հարության տոնից հետո, համաձայն Հիսուսի`առաքյալներին տված պատվիրանի`չհայտնել Իր այլակերպության մասին մինչև Խաչելություն և Հարություն:

 

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի տոնում ենք հուլիսի 23-ին:


«Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը կարևոր է յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար. այն մեզ սովորեցնում է, որ աստվածային լույսին և աստվածային փառքին հասնելու համար պետք է աշխարհիկ իրականությունից բարձրանալ դեպի առաքինությունների լեռը: Քրիստոսի պայծառակերպության օրինակը ցույց է տալիս նաև յուրաքանչյուր մարդու այլակերպությունը, պայծառակերպությունը՝ Աստծո Զորությամբ և Աստծո Ներկայության շնորհիվ: Իր Պայծառակերպության հրաշալի խորհրդով Քրիստոս մեզ սովորեցնում է ոչ թե մոռացության մատնել մեղավոր աշխարհը, այլ աստվածային լույսով ջնջել մեղքը՝ մեր սառը և խավար աշխարհը փոխակերպել պայծառակերպության լույսով», - տոնի խորհուրդը մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

«…արդարները Երկնքի արքայության մեջ կծագեն, ինչպես արեգակը» (Մատթ. 13; 43)


Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, բայց ինչպիսի՞ կերպարանք ունի Նա և ինչպիսի՞ տեսք ուներ Քրիստոս։

 

Պայծառակերպության պատկերների կենտրոնում պատկերված է Քրիստոս, աջ և ձախ կողմում՝ Եղիա և Մովսես մարգարեները, նրանց ներքևում՝ Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալները: Որոշ օրինակներում Հիսուս ներկայացվում է անմորուք պատանու տեսքով, որով ընդգծվում է Նրա այլակերպությունը, կերպարանափոխվելը։ Քրիստոս Իր Պայծառակերպությամբ մի պահ հանեց մեղքի պատնեշը, որպեսզի մարդիկ տեսնեն այն փառքը, որով պիտի փրկվեն:

 

Նեղության մեջ կամ կյանքի դժվար իրավիճակներում բոլորը լույս են փնտրում։ Քրիստոս պայծառակերպվելով՝ ցույց տվեց, որ այդ լույսը թաքնված է յուրաքանչյուրի մեջ, հարկավոր է միայն բարձրանալ «Թաբորը»։ Սա նաև օրինակն է այն բանի, որ գտնելով աստվածային լույսը՝ հարկավոր է այն տարածել մյուսների մեջ։

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանմամբ: Ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, այնպես էլ Տիրոջ Պայծառակերպության հրաշափառ տոնին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օրն է:

 

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 131 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք