Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Գայանյանց կույսերի տոնը (Ֆոտոշարք)

Հայ առաքելական եկեղեցին Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց նշում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: 
 
Պատահական  չէ, որ մեր եկեղեցու հայրերը այս կույսերի  հիշատակի տոները կարգել են  Հոգեգալստյան տոնից անմիջապես հետո. Եթե Հոգեգալուստով սկիզբը դրվեց  Քրիստոսի  Ընդհանրական  Եկեղեցու, ապա Սբ. Հռիփսիմյան ու Գայանյան կույսերի նահատակությունը  և  ապա  Սբ. Գրիգոր  Լուսավորչի՝ Վիրապից ելքը նախապատրաստեցին  Հայ  Առաքելական  Սուրբ  Եկեղեցու  ծնունդը:
 
Սբ. Գրիգոր  Լուսավորիչը, նահատակ կույսերի  հիշատակը տոնելիս, մի քարոզ է ասում , որը այսօր էլ,  Հայոց ժամագրքի  մի միավորը լինելով,  Սբ. Հռիփսիմյանց ու Սբ. Գայանյանց տոներին  երգվում է  եկեղեցում.
 
-Աստված մեծ, հզոր և փառավորյալ,
Սուրբերին լուսավորող և նրանց մեջ բնակվող,
Սուրբ Հռիփսիմյանց չարչարանքը բարեխոս ունենք Քո առաջ:
Աղաչում ենք՝ լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:
 
Մաքրագործեցին իրենց անձերը
Որպես տաճար Քո սուրբ անվան՝
Իրենց միտքն ու խորհուրդները մաքրելով
Քո սուրբ երկյուղով,
Եվ երկնային հոգեղեն հրեշտակներին դասակից եղան:
Աղաչում ենք՝ լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր…
 
Ս. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Ս. Գայանե վանքը: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի նախաձեռնությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Ս. Գայանեի վկայարանը: 630-ին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով կառուցել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Ս. Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու` հարավ-արևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը: 
 
 
Լուսանկարները՝ Զարա Ղազարյանի:
S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane S. Gayane
Դիտվել է 946 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք