Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանը մատուցեց Զատկական Ս. Պատարագ

Մարտի 27-ին Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում հանդիսավոր Ս. Պատարագը մատուցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Որպես առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու Տ. Եսայի քահանա Արթենյանը: 
 

Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի` Սուրբ Հարության ուղերձը, ուր մասնավորաբար ասվում է. «Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր` Սուրբ Հարության բերկրալի տոնին, շարականագրի խոսքերով փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ արարածներին կենդանություն պարգևեց:

Քրիստոսի Հարությունը մահվան խավարի մեջ ծագեցրեց լույսը հավիտենության, մարդկանց պարգևեց երկնքի արքայության երանությունը, շնորհը` հարուցյալ կյանքի այս աշխարհում և հանդերձյալում: Քրիստոսի Հարությամբ նոր արարչություն է, նոր մարդկություն, որը մեղքի և մահվան նզովքից ազատ` շնորհի մեջ է Աստծով ապրելու և հավիտենական կյանքին արժանանալու: Առաքյալի խոսքի համաձայն` «հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կոր. Ե 17), քանզի Աստծո Միածին Որդին, Փրկիչ մեր Տերը «կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10): Քրիստոսի Ավետարանը հարության Ավետարանն է, հավիտենության Ավետարանն է, կյանքի Ավետարանն է, որի միջոցով է մեզ հասու Աստծո անսահման սիրո իմացությունը, հոգիները կենդանացնող տերունական ձայնը, Քրիստոսի Հարության ճշմարտությունը»:


Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատացյալներին փոխանցեց Հարության ավետիսը` «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»:
Ավանդույթի համաձայն հավարտ Ս. Պատարագի հավատացյալները առաջնորդարանի դահլիճում շնորհավորեցին միմյանց և Սրբազան Հորը:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 891 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք