Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Սուրբ Ծնունդը մանկապարտեզում

«Բարև ձեզ, բոլորին հրավիրում ենք միասին նշել Սուրբ Ծնունդը և սիրով սկսում ենք մեր տոնական հանդեսը»:


Դեկտեմբերի 22-ին Երևանի համար 25 մանկապարտեզում մեծահասակները որոշ ժամանակով կտրվել էին առօրյա, նախատոնական եռուզեռից ու սպասում էին, թե ինչ հրաշք պետք է ցույց տան փոքրիկները: Եվ հրաշքը կատարվեց:


Մանուկները կարողացան ցույց տալ և բացատրել, թե ինչ է Սուրբ Ծնունդը, որոնք են Աստծո պատվիրանները և որն է իրական հրաշքը:


Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի, երեցկնոջ ու համայնքի նախաձեռնությամբ և մանկապարտեզի տնօրենի, աշխատակազմի աջակցությամբ արդեն երեք տարի է, ինչ տվյալ պարտեզում անցկացվում են հոգևոր դասեր և կազմակերպվում են միջոցառումներ հոգևոր թեմաներով:


«Հոգևոր սնունդը շատ կարևոր է երեխաների զարգացման և դաստիարակման համար: Արդեն մի քանի տարի է, որ համագործակցում ենք Տեր Բաբկենի հետ և տեսնում ենք այդ համագործակցության բարի պտուղները», - նշեց մանկապարտեզի տնօրեն տիկին Իրինան:


Երեխաները միջոցառումը սկսեցին երգով ու խաղով, հետո թղթե ինքնաշեն աղավնիներով, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր Աստծո պատվիրաններից մեկը, զարդարեցին տոնական ծառը:


«Երեխաները շատ հեշտ են յուրացնում ամեն ինչ: Նրանց հետ աշխատելիս ոչ մի դժվարություն չի եղել: Ինձ մոտենում են ծնողները և ասում, որ երեխաները սկսել են հոգևոր մուլտֆիլմեր դիտել, խոսել իրենց քույրերի, եղբայրների հետ հոգևոր թեմաներով, և դա ամենամեծ գնահատանքն է», - ասում է երեցկինը՝ տիկին Ռուզաննան:


«Մենք այսօր շատ ուրախ ենք», - այս խոսքերն ասացին երեխաները հանդեսը սկսելուց առաջ: Ու սկսեցին բեմադրությամբ ներկայացնել Քրիստոսի ծնունդը: Նրանք պատմում էին, թե ինչպես ծնվեց Քրիստոս, և իրականում ուրախանում էին այդ հրաշքով: Այս օրերին, նախատոնական եռուզեռի մեջ մեզ բոլորիս իրոք պակասում է երջանկությունը: Ուղղակի հարկավոր է երջանիկ լինել, քանի որ ծնվեց Քրիստոս՝ Աստծո Որդին և Փրկիչը: Երեխաները սա գիտակցում են, երեխաներն այսօր ուրախ են:


«Սրտանց շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար: Թող Աստված օրհնի մեր զավակներին: Այս մանուկների բերանից հնչած ամեն ինչը մաքուր է»,-միջոցառումը եզրափակեց Տեր հայրը:


Հասմիկ Թամամյան

Դիտվել է 897 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք