Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

«Սերը կյանքի իսկությունն է»

2017 թվականի փետրվարի 11-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող երիցատանը մեկնարկեց «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի «Կանա-Սինգլ» երիտասարդական հերթական հավաքը: 
 

Հանդիպման քննարկման թեման էր՝ «Սերը կյանքի իսկությունն է»: Կենտրոնի հոգևոր խորհրդատու Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանի, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Առուշանյանի գլխավորությամբ կատարվեց միասնական աղոթք: Այնուհետև Տեր Տիրանը երիտասարդներին իր հորդորը և բարեմաղթանքը հղեց՝ ասելով, որ սերը կյանքում շատ կարևոր նշանակություն ունի, յուրաքանչյուր դժվարություն հաղթահարվում է սիրով:


Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը ներկայացրեց Ս. Սարգսի տոնի խորհուրդը: Ս. Սարգսի, նրա որդու՝ Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքագրությունը մի շարք պատգամներ է տալիս յուրաքանչյուրին, առավել ևս երիտասարդներին: Երանելի վկան մանկուց քաջատեղյակ լինելով Հին և Նոր Կտակարաններին՝ քրիստոնեություն էր քարոզում իր կյանքով և խոսքով. աղքատներին և կարիքավորներին առատ ողորմություն էր բաշխում, իր ենթակայության տակ գտնվող քաղաքներում և գյուղերում արգելում էր կռապաշտությունը, քանդելով մեհյանները՝ կառուցում էր եկեղեցիներ և սրբերի վկայարաններ: Աստծո ապավինությամբ նա հաջողակ էր իր բոլոր գործերում:


Հանդիպումն ամփոփվեց հոգևոր ու ժողովրդական երգերի կատարմամբ, ասմունքով և շուրջպարով: Շնորհավորանքներ հնչեցին Սարգիս անունը կրող երիտասարդներին և նվերներ մատուցվեցին:


«Հայք» ամբողջագիտական ոչ ֆորմալ կրթության համահայկական համալսարանի ռեկտոր Աշոտ Օհանյանը ևս բարեմաղթանքներ հղեց երիտասարդներին։


«Կանա» կենտրոնի «Կանա-Սինգլ» երիտասարդական հավաքի հանդիպումները շարունակելի են:

 

Պատրաստեց Նաիրա Աթոյանը

 

Դիտվել է 800 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք