Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու օծման 3-րդ տարեդարձը

Արդեն երեք տարի է, ինչ հայոց հինավուրց մայրաքաղաք Արտաշատում կառուցվել է Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող եկեղեցին: Երեք տարի առաջ` մայիսի 31-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայան Հայոց կաթողիկոսի կատարվեց եկեղեցու օծման արարողությունը:

Երեք տարվա ընթացքում եկեղեցին շատ բան է փոխել համայնքային կյանքում՝ ամեն օր տեղի բնակիչներին հրավիրելով աղոթքի, աստվածպաշտության, հայրենաշեն ու ազգանվեր գործերի:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցու օծման և բացման 3-րդ տարեդարձը նշվեց հոգևոր և մշակութային հագեցած  մթնոլորտում:

Առավոտյան մատուցվեց Ս. Պատարագ, որից հետո եկեղեցու բակում տոնական կատարումներով հանդես եկան կիրակնօրյա դպրոցի սաները և եկեղեցու երգչախմբի անդամները: Միջոցառման վերջում տեղի ունեցավ մատաղի հյուրասիրություն:

«Եկեղեցու կառուցումը կարևոր փոփոխություններ առաջացրեց մեր ընտանիքում: Սկսեցինք ավելի հաճախ մասնակցել պատարագներին և աղոթական կյանքի մեջ լինել: Երեխաներն էլ մեծ հաճույքով են հաճախում եկեղեցի և եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց»,- ասում է Արտաշատի բնակիչ տիկին Անահիտը:

Եկեղեցին Աստծո ներկայությունն է մեր կյանքում, ուր ամեն ոք` աշխատավոր թե իշխանավոր, այր թե կին, երիտասարդ թե տարեց հավասար են:

Այսօր Արտաշատ այցելած ուխտավորները նշում են եկեղեցու ծննդյան տարեդարձը՝ ունենալավ այն գիտակցումը, որ այն իրենց հոգու ծննդավայրն է: Սա այն վայրն է որտեղ մենք ծնվում ենք որպես քրիստոնյա, հաղորդակցվում ենք Աստծո հետ, զորություն և մխիթարություն ենք ստանում:

Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2002 թվականին՝ Աբրահամյանների ընտանիքի բարերարությամբ: Ճարտարապետներն են Արտակ Ղուլյանը և Էմմա Ֆահրադյանը:

Հասմիկ Թամամյան

Դիտվել է 193 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք