Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Դեպի բանակ ճանապարհը անցնում է եկեղեցով

Ձմեռային զորակոչն արդեն սկսվել է: Սակայն նախքան տնից բանակ կարևոր քայլ կատարելը նորակոչիկներն այցելում են եկեղեցի, ստանում Աստծո օրհնությունն ու ճանապարհ ընկնում:


Հունվարի 12-ին հենց այս նպատակով Ս. Աննա եկեղեցու բակում հավաքվել էին նորակոչիկները, նրանց հարազատները, ընկերներն ու սովորական քաղաքացիներ:


Հանդիպումը սկսվեց տերունական աղոթքով, կատարվեց օրհության կարգ, որից հետո Ս. Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը ներկաներին փոխանցեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝ հավելելով. «Վստահ եմ, որ ամեն մեկդ, որ դուրս եք եկել ձեր օջախներից հայրենիքը պաշտպանելու, վերադառնալու եք խաղաղությամբ»:


Հանդիպմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ա. Սադոյանը, ով նորակոչիկներին նվեր-փաթեթներ հանձնեց:
Հայրենիքի ապագա պաշտպաններին ոգևորելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել նաև Պատանի երկրապահները, ովքեր ազգային-հայրենասիրական պարերով ուրախացրեցին ներկաներին:


Միջոցառման ամբողջ ընթացքում նորակոչիկները ժպտում էին, ժպտում էին նաև ծնողները, բայց արցունքոտ աչքերում արդեն մեծ կարոտ էր ու մայրական անհանգստություն: Սրանից հետո երկու երկար տարի ծառայելու են իրենց տղաները, որ անփորձանք լինի հայոց սահմանը:


Արդեն հասուն ու պատասխանատու կյանքի առաջին քայլերը տղաները սկսեցին հենց եկեղեցուց՝ այն պայմանով, որ ուղիղ երկու տարի անց նոր աղոթքներով վերադառնան:


Սուսաննա Գրիգորյան

Դիտվել է 2807 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք