Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Էկոընկերական ապրելաձև

Ուսուցողական մուլտֆիլմի դիտում, քննարկում, նախատոնական բացիկների պատրաստում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրելու նպատակով, երեխաների ու բանախոսների ակտիվ զրույց՝ հարցուպատասխանի ձևաչափով:

 

Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» կենտրոնի մանկական քրիստոնեական դատիարակության հանդիպումների շարքի հիմնական շեշտադրումն այս անգամ երեխաներին իրազեկելն էր բնապահպանական խնդիրների մասին:



Հանդիպման բանախոսներն էին Տեր Տաճատ ավագա քահանա Դավիդյանը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի Անտառվերականգնման ծրագրի համակարգող Արեգ Կարապետյանը, Հանրային տեղեկատվության պատասխանատու Արթուր Հարությունյանը:


Հանդիպման մեկնարկը տրվեց մուլտֆիլմի դիտմամբ, որը կոչվում էր «Իմ պապիկը բալենի էր»: Այն ընդգրկված է «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի «Մանկապատանեկան» անվանակարգում: Հուշապատում է, որտեղ մանչուկը պատմում է կյանքի ու մահվան իր առաջին ընկալման մասին, նաև՝ պատմություն է արտասովոր մի պապիկի մասին, ով կարող էր լսել, թե ինչպես են շնչում ծառերը և հավատում էր, որ «մարդ չի կարող մահանալ, եթե ինչ-որ մեկը սիրում է նրան»:

 


Մուլտֆիլմի քննարկմանը զուգահեռ խոսվեց այն մասին, որ բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, և մեր գործողություններով պետք է փորձենք հնարավորինս վնաս չհասցնել բնությանը՝ ծառերն անտեղի չկտրել, չաղտոտել բնությունը, ամեն ինչ չափավոր օգտագործել:



Արթուր Հարությունյանը խոսեց այն մասին, որ էկոընկերական ապրելակերպը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից, պարզապես պետք է չափավոր լինել, և խոսելով վերջին շրջանում որոշ խանութներում տոպրակների վճարովի դառնալու և դրան մարդկանց ընդվզմամբ արձագանքելու մասին՝ նշեց.
«Մենք ուրախ ենք, և էլ ավելի ուրախ կլինենք, եթե դրանց գինը բարձրացվի տնտեսվարողների կողմից՝ բնակչությանը մղելու ավելի էկոընկերական ապրելակերպի: Մենք, օրինակ, չենք օգտագործում նմանատիպ տոպրակներ, եթե գնում ենք խանութ, ապա մեզ հետ ունենում ենք կտորե տոպրակներ կամ մեր պայուսակներն՝ ապրանք տեղափոխելու համար: Ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ մարդկանց, ովքեր հրաժարվում են, ասում, թե տոպրակ պետք չէ, իրենք տոպրակ ունեն կամ պայուսակի մեջ կտեղավորեն»:

 


«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի Անտառվերականգնման ծրագրի համակարգող Արեգ Կարապետյանը երեխաներին բացատրեց, թե ինչպե՞ս անեն, որ տնկած ծառն աճի. «Առաջին հերթին պետք է քիչ տնկել, բայց շատ խնամք տանել: Ծառ տնկում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը: Եկեք պատկերացնենք, որ ծառը նույն մարդն է, այն զուտ քնում է ձմռանը, գարնանն ու ամռանն արթուն է: Ծառ պետք է տնկել այն ժամանակ, երբ քնած է, որպեսզի մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխելը վնասակար չլինի: Պետք է հոգ տանենք, ջրենք, քիչ վնաս պատճառենք, ծառի վրայից էտենք ավելորդ ճյուղերը, որպեսզի մեկ ուղղությամբ աճեն»:

 


Հանդիպման ավարտին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»- ի ներկայացուցիչներն իրենց հետ հատուկ թղթեր և անհրաժեշտ պարագաներ էին բերել, որոնցով երեխաները նախատոնական բացիկներ պատրաստեցին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին բաժանելու համար: Այդ հատուկ ծրարները պատրաստված էին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկների ծաղկաթերթերից վերամշակված թղթերով: Ինչպես նշեց հիմնադրամի հանրային տեղեկատվության պատասխանատուն, ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր բերված ծաղիկները հավաքելուց հետո ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, ծաղկաթերթերը չորացվում և օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար, իսկ ցողունները վերածվում են կենսածին պարարտանյութի, որով ծաղիկները վերամշակման ենթարկվելով՝ երկրորդ կյանք են ստանում:

 


Միջոցառումն իրականացվեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում:

 


ԱՀԹ «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի մանկական քրիստոնեական դաստիարակության հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժ. 19.00-ին և կիրակի՝ ժ.13.00-ին:

 

 

Պատրաստեց Նարե Ոսկանյանը

Կանա Կանա Կանա Kana Kana
Դիտվել է 376 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք