Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Խաղ- մրցույթ` նվիրված գրաբարին

Մարտի 15-ին Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը մասնակցեց Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցում տեղի ունեցած ինտելեկտուալ խաղին: Խաղը նվիրված էր գրաբարին և կազմակերպվել էր թեմի կողմից իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակներում:


Տեր հոր գլխավորությամբ խաղը սկսվեց Տերունական աղոթքով: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունն ու հաջողություն մաղթեց պատանիներին:


Ժյուրիի կազմում ընդգրկված էին Տ. Պարթև քահանա Մուրադյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը, դպրոցի տնօրեն Մարինե Սողոմոնյանը, դպրոցի մեթոդմիավորման նախագահ Լյուդմիլա Ճաղարյանը, ԱՀԹ տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը: Հանդիսատեսների շարքում էին Երևանի թիվ 94 և Պարույր Սևակի անվան դպրոցների հայոց լեզվի ուսուցիչները:


Խաղը նախաձեռնել ու կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սիրանուշ Ներսիսյանը, ում խոսքով` «որ թիմն էլ հաղթեր, միևնույն է` գլխավոր հաղթողը գրաբարն էր լինելու»: Նրա ջանքերով պատանիները մի քանի շաբաթ պատրաստվել էին ու խաղի միջոցով որոշել էին ստուգել իրենց գրաբարյան գիտելիքները: Նրանց օգնել էր նաև հայոց լեզվի ու գրականության դասաժամերին սովորածը` քերականությունը, անգիր արած ասույթներն ու բանաստեղծությունները:

Ժյուրին գնահատում էր Ա-Ե տառերով` իրենց այբբենական անվանումներով` ԱՅԲ-ից ԵՉ: Ա-ն մեկ միավորն էր, Ե-ն` 5-ը: Արդյուքների ամփոփման ժամանակ երկու թիմերն էլ ստացան հավասար ՄԺ (210) միավոր` թեմի կողմից պարգևատրվելով «Զորավոր Ավետարան» նորահրատ գրքով:


Դպրոցն արդեն երկրորդ ուսումնական տարին է, որ միանում է Արարատյան Հայրապետական թեմի կողմից իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրին: Աշակերտները մասնակցել են նաև առաջին օլիմպիադային: Տիկին Ներսիսյանը նաև մասնակցել էր ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպված ուսուցիչների վերապատրաստմանը:


Ուսուցչուհու խոսքով` պատանիներն իրենք են նախանձախնդրորեն հետաքրքրվում «Գրաբարյան օրեր» ծրագրով ու օլիմպիադայով: Դպրոցում գրաբարը մեծ ընդունելություն ունի, և տնօրեն Մարինե Սողոմոնյանը, կարևորելով գրաբարը, խրախուսում է բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են հայոց լեզվի հնագույն փուլի վերարթնացմանն ու վերարժևորմանը:


«Գրաբարյան օրեր» ծրագիրն Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմն իրականացնում է 2014թ.-ից` նպատակ ունենալով կոտրել ստեղծված կարծրատիպերը և խրախուսել պատանիներին` սովորել գրաբար: Ծրագրի իրականացմանն օգնում են ՀՀ ԿԳՆ և Երևանի քաղաքապետարանը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

1 2 3 4 5
Դիտվել է 987 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք