Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Գիրքը պատուհան դեպի նոր աշխարհ

Ութ տարի առաջ գերմանացիներից վերցված փորձն այսօր արդեն տվել է իր արդյունքները:
 
Հունիսի 27-ին կայացավ «Ընթերցման հանրապետական օլիմպիադայի» փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Օլիմպիադան անցկացվում է Կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների, «Անտարես» հրատարակչության և Հայ գրականության հիմնադրամի համատեղ ջանքերով:  Նպատակը ընթերցման նկատմամբ հետաքրքրության խթանումն է և հայ հասարակության համար ինտելեկտուալ սերունդ ձևավորելը: Այս նախաձեռնության շնորհիվ աշակերտներից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ արժանանալու տարբեր մրցանակների օլիմպիադայի հովանավորների կողմից և, ի վերջո, «հերոսի» կոչման իր դպրոցական շրջապատում:
 
Մասնակիցներին մրցանակ հանձնվեց նաև Արարատյան Հայրապետական թեմի կողմից: Թեմի առաջնորդական փոխանորդ  Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից լավագույն տասը մասնակիցները ստացան երկօրյա նվեր-ճանապարհորդություն դեպի Արցախ:
 
Տեր Եսայի քահանա Արթենյանը ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց Սրբազան հոր օրհնությունը և ընդգծեց գրքերի և ընթերցանության կարևորությունը հատկապես ներկա ժամանակաշրջանում:
 
Օլիմպիադան իրականացվում է արդեն 8-րդ տարին անընդմեջ: Դրան մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները: 
 
«Գերմանացիներն ասում են, որ յուրաքանչյուր եվրո ներդրված ընթերցանության մեջ վերադարձնում է իրենց երկրին 30 եվրո: Մենք էլ հույս ունենք, որ ներդրածի արդյունավետությունը նույնչափ էֆֆեկտիվ կլինի,- ելույթի ընթացքում շեշտեց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: 
 
Մասնակից երեխաներից մեկի կարծիքով գիրքը պատուհան է դեպի նոր աշխարհ: Նոր հորիզոններ, նոր աշխարհներ, նոր մարդիկ, նոր գիտելիքներ ու ծանոթություններ, սրանք այն հրաշքներն են, որոնք որպես պարգև ստանում է յուրաքանչյուր ընթերցող:
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 675 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք