Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ

Մարտի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց Ոտնլվայի կարգ և Յուղի օրհնություն: Սրբազան հոր առընթերականերն էին Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն ու Տ. Եսայի քահանա Արթենյանը:


Ավագ Հինգշաբթի Յուղի օրհնության կարգը կատարվում է ի հիշատակ ավետարանական այն դրվագի, որտեղ Քրիստոս հյուրընկալվել էր փարիսեցի Սիմոնին, անառակ մի կին եկավ ու իր արցունքներով լվաց ու անուշահոտ յուղով օծեց Քրիստոսի ոտքերը: «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տունը, ոտքերիս համար ջուր չտվիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը և իր մազերով սրբեց: Դու ինձ մի համբույր էլ չտվիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: Դու յուղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց: Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»: (Ղուկաս 7: 36-50):

 

Արարողության ընթացքում Սրբազան հայրը լվաց 12 տղաների ոտքերը` ի հիշատակ Վերնատանը Քրիստոսի` աշակերտների ոտքերը լվանալու օրինակի:
 

Դիմելով ներկաներին` Սրբազան հայրը մասնավորապես ասաց. «Աշակերտների ոտքերը լվանալով` Քրիստոս մեզ տվեց համեստության մեծագույն դասը: Այն օրինակ է, թե ինչպես պետք է մեր անձի մեջ եսը մի կողմ դնել ու մերձավորի շահի ու օգուտի համար գործել: Տերը պատվիրեց, թե «ինչ որ արեցի ձեզ, դուք արեք միմյանց հանդեպ». թող այս պատգամը ներգործուն դառնա հատկապես Ավագ շաբաթվա այս խորհրդավոր օրերին, երբ ևս մեկ անգամ մեր հոգիների ամենանուրբ անկյունում վերապրում ենք Հիսուս Քրիստոսի այս օրինակը: Փորձենք հրաժարվել հպարտությունից ու խոնարհվել, որպեսի Տերը մեզ բարձրացնի: Խոնարհվենք իրավամբ, որպեսզի հավատակից լինեք Իրեն: Հազար պատճառ կարող է մարդ բերել` ոչինչ չանելու համար և միայն մեկը`անելու ամեն լավ բան: Այդ պատճառը սերն է: Սերը թող մեր մեջ լինի մշտանորոգ` պարգևելով ուժ և զորություն»:
 

Ավագ հինգշաբթին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Քրիստոսի երկրային կյանքի վերջին` Ավագ շաբաթվա այս օրը եկեղեցական ծիսակարգում ամենահագեցածն է ողջ տարվա ընթացքում: Արարողությունները սկսվում են առավոտյան և տևում մինչ ուշ գիշեր: Առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարողաց կարգը, ապա մատուցվեց Վերջին ընթրիքը խորհրդանշող Ս. Պատարագը: Վերջին ընթրիքի ժամանակ էր, որ Քրիստոս հաստատեց Ս. Հաղորդության խորհուրդը` գինին` իբրև Իր արյուն, հացը` իբրև Իր մարմին:
Օրվա հաջորդ արարողությունը Ոտնլվայի կարգն ու Յուղօրհնեքն էր, որին հաջորդեց Խավարման կարգը` ի հիշատակ Քրիստոսի չարչարանքների:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Դիտվել է 840 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք