Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Կայացավ «Քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն» թեմայով երիտասարդական համաժողովը

Հուլիսի 3-ին կայացավ «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն» թեմայով երիտասարդական համաժողովը: 
 
Համաժողովին ներկա գտնվեցին նաև Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը և եկեղեցու երիտասարդաց միության անդամները: 
 
«Ցանկացած պետություն, ցանկացած հասարակություն, բնականաբար, չի կարող գոյատևել առանց օրենքի: Մարդուն, արարումից սկսած, տրվեց օրենքը, այն է՝ չուտել արգելված պտղից: Սակայն կերան և զրկվեցին անմահությունից: Սա փաստում է, որ յուրաքանչյուր սխալ արարք ունենում է իր հետևանքը: Օրենքը տրվեց Աստծո կողմից նրա համար, որպեսզի ավելի ամրապնդի և հստակեցնի կապը Արարչի և արարվածի միջև: Աստվածային պատվիրանների հիման վրա պետություններն այսօր ստեղծում են իրենց օրենքները: Հրաշալի է ապրել այնպիսի հասարակության մեջ, որտեղ յուրաքանչյուր անհատ օրինապահ է, որովհետև միայն այդ դեպքում մենք կարող ենք հստակեցնել մեր հարաբերությունը միմյանց հետ, պետության հետ և, որ ամենակարևորն է, Աստծո հետ»,-իր խոսքում նշեց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: 
Համաժողովի նպատակն է ներկայիս ներքաղաքական իրավիճակում երիտասարդների օգնությամբ բացահայտել առկա մարտահրավերները և գտնել դրանց լուծումները: 
 
«Մենք նպատակ ունենք երիտասարդների շրջանում հերթական անգամ ցույց տալ այն համախմբված ուժը, որ տարբեր ասպարեզներում մեր երկրի վարկանիշը հասցնում է բարձունքների: Օրինակները շատ են սկսած Քառօրյա պատերազմում մեր երիտասարդության ներգրավվածությունը, վերջացրած վերջերս տեղի ունեցած հեղափոխությունում մեր երիտասարդների ներդրած ջանքերը: Վերը նշվածը ինչ է եթե ոչ քաղաքացիական հասարակության դրսևորում»,-իր ելութում նշեց «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Խուրշուդյանը: 
 
Այսօր աշխարհում տիրող քաղաքական, հասարակական, բարոյական ու հոգևոր իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս յուրաքանչյուր բանական մարդու: Բավական է միայն մի թռուցիկ հայացք` հասկանալու համար, որ մարդկային հասարակությունը խոր ճգնաժամի մեջ է: Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Պատասխանը հստակ է, եթե չլինի մեղք, չի լինի նաև պատիժ: Օրենքները ստեղծվել են կարգ ու կանոն հաստատելու համար: Եվ մեղք չգործել` նշանակում է ներդաշնակ լինել օրենքին, քանզի մեղքը օրենքի խախտումն է: 
 
«Օրենքի կատարումն ու օրենքին հնազանդությունը բխում է սիրուց ու հավատից: Ուրեմն օրենքի կատարումը սերո դրսևորում է, որը կարող է հրաշքներ գործել. «Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18)»,-ասում է երիտասարդաց միության ատենապետը:
 
 Հասմիկ Թամամյան
Դիտվել է 488 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք