Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Ապրիլից 2 տարի անց։ Նրանք ապրում են

Երկու տարի առաջ ապրիլի 5-ին ավարտվեց այն պայքարը, որ պետք է կոչվեր քառօրյա պատերազմ։ Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում 18-ից 20, 24 տարեկան երիտասարդը տեսավ այն, ինչ շատ մարդիկ ամբողջ կյանքն ապրելով` չեն տեսնում․ պատերազմ, կորուստ, արյուն, ցավ, վախ, մահ։ Մահ, բայց հաղթանակ։ Մահն ու կյանքը միշտ հավասար են քայլում մարդու կյանքում, սակայն կա մահ, որից հետո մթություն է, և կա մահ, որն ինքն է կյանք ծնում։
 
Այսօր` ապրիլյան քառօրյա պատերազմից 2 տարի անց, մենք հիշում ենք նրանց, ում մահը կյանք տվեց հազարավոր մարդկանց։ Նահատակված հայ զինվորների հիշատակը վառ պահելու համար Ս․ Երրորդություն եկեղեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ համատեղ կազմակերպել էր քայլերթ-ուխտագնացություն դեպի Եռաբլուր։
 
«Ապրիլի 5-ին եղավ կրակոցների դադարը, և այս ուխտագնացությունը նաև աղոթք է, որ այսուհետ լռեն կրակոցները, պատերազմի ձայնը։ Սա աղոթք է, որ հայ զինվորը ծառայի խաղաղ ու ապահով», - ասում է Ս․ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը։ 
 
Քայլերթը մեկնարկեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաները եկեղեցու բակից սկսեցին իրենց ուխտի ճանապարհը։
 
«Մարդիկ զոհվեցին իրենց ազգի, իրենց հայրենիքի համար, և մեր պարտքն է ոչ միայն աջակցել նրանց մարտական գործողությունների ժամանակ, այլև աղոթել նրանց համար։ Երկու տարի է անցել, սակայն մեր աղոթքները չեն դադարել ու չեն դադարելու, քանի որ նրանք, ովքեր զոհվեցին, արժանի են աղոթքի՝ իրենց հոգիների հանգստության համար և նրանք ովքեր ողջ են, արժանի են աղոթքի՝ այդ մղձավանջը հաղթահարելու համար։ Աղոթքը և այս քայլերթն այն շնորհակալությունն է, որ ցանկանում ենք հայտնել նրանց», - ասում է եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Հարությունը։ 
 
Քայլերթը շարունակվեց մինչև Եռաբլուր պանթեոն, որտեղ ծաղիկներ դրվեցին զոհված հերոսների շիրիմներին։ Այնուհետև Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ, և ներկաները միասնաբար աղոթք բարձրացրեցին առ Աստված մեր նահատակ զինվորների հոգիների համար:
 
Մահ և կյանք։ Դժվար է սահմանում դնել, տարանջատել այս երկուսն իրարից, քանի որ կյանքը կարող է մեռած լինել առանց գործերի, և մահը կարող է կյանք ծնել։ Ապրիլից երկու տարի անց նրանք մահ տեսան, սակայն ապրում են։
 
Հասմիկ Թամամյան 
Դիտվել է 647 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք