Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Քանդված խաչքարի դիմաց՝ նոր խաչքար

Հունվարի 29-ին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ Վեդի քաղաքի Վ. Սարգսյանի անվան զբոսայգում օծվեց Ջուղայի խաչքարի կրկնօրինակը։
 
Հին Ջուղայի գերեզմանատունը նշանավոր էր խաչքարերով։ Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի տվյալներով՝ 1648թ. այն ունեցել է շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար։ 1903-1904թթ. Ջուղայի տարածքով անցկացված երկաթուղու շինարարության ընթացքում դրանց կեսն անվերադարձ կերպով ոչնչացվեց։ Ամենավաղ շրջանի խաչքարերը թվագրվում են 9-10-րդ դարերին: Դրանք փոքրածավալ են, սակավ քանդակազարդ ու վիմագրված։ 
 
Երկրապահ կամավորականների միության վարչության ջանքերով Ջուղայի ոչնչացված խաչքարերի կրկնօրինակների ստեղծման աշխատանքները սկսվել են դեռ տարիներ առաջ՝ նպատակ ունենալով ցույց տալ ամբողջ աշխարհին, որ հայ մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատն անմահ են ու անպարտելի:
Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հովանավորությամբ Երկրապահ 5-րդ բրիգադի Արարատի տարածքային բաժանմունքի տղաների և Արարատի ազատամարտիկների ջանքերով տեղադրված Ջուղայի խաչքարի բացումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Սիոն Սրբազանի ձեռամբ և Վեդու Ս․ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի սպասավորությամբ կատարվեց խաչքարի օծումը։
 
Սրբազան հայրը ներկաներին փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու շնորհավորեց բոլորին նաև բանակի 26-րդ տարեդարձի կապացությամբ։
 
Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև Վեդու քաղաքապետը և ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը։
 
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները տոնական օրը շարունակեցին Վեդու Մշակույթի տանը:
Այս խաչքարի բացումը հայի հաղթանակի և անպարտ ոգու ապացույցն է։ Յուրաքանչյուր ոչնչացված խաչքարի դիմաց կկանգնեցվի ևս մեկը՝ ցույց տալով, որ հայն ու հայ մշակույթը հավերժ են։ 
 
Հասմիկ Թամամյան
Դիտվել է 771 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք