Լուրեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Հոգևոր սերմերը տալիս են իրենց պտուղները

Յուրաքանչյուր քայլ, արարք կամ նպատակ իրագործված կարելի է համարել այն ժամանակ, երբ տեսնում ես դրանց արդյունքները։


Արդեն մի քանի տարի անընդմեջ Արարատյան Հարապետական թեմի երիտասարդների նախաձեռնած և տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ իրականացվող ծրագիրն այսօր տալիս է իր պտուղները, որի արդյունքում ևս մեկ հայ երեխա մկրտվեց և դարձավ քրիստոնյա։ Խոսքը վերաբերում է արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված նախաձեռնությանը, երբ Սուրբ Տիրամորը նվիրված տոներին երիտասարդները քահանայի ուղեկցությամբ այցելում են ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ Սուրբ Մկրտության խորհուրդը փոխանցելու նորածիններին ու նրանց ընտանիքներին: Այցելուներն իրենց հետ որպես նվեր նորածիններին և մայրության բերկրանքին սպասող կանանց հանձնում են մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ՝ տեղեկացնելով, որ ծնողները կարող են այդ պարագաներով գալ և մկրտել իրենց երեխաներին։ Եվ ահա, տարիների աշխատանքը տալիս է իր պտուղները։


Հոկտեմբերի 25-ին Լիլիթն ամուսնու և փոքրիկ Հայկի հետ եկավ Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի՝ հիշեցնելով, որ իրենց փոքրիկն այն երեխաներից է, ում Տեր հայրն օրհնել էր օգոստոսի 12-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով ծննդատուն այցելության ժամանակ։


«Երբ Տեր հայրը պատմեց Սուրբ Աստվածածնի տոնի մասին, սկսեցի հետաքրքրվել ու ավելի շատ բան իմանալ։ Ինձ համար շատ խորհրդանշական էր, որ երբ նրանց բերած խաչը դրեցի բալիկիս գլխի տակ, նա միանգամից ժպտաց», - ասում է Լիլիթը։


Ծնողները նկատում են, որ Հայկի կյանքը հենց սկզբից լի է օրհնությամբ և ժպիտով։ «Հղիության ընթացքում աշխատանքի վայրում հանդիպեցի մի քահանայի, ով օրհնեց ինձ և երեխայիս։ Հետո, երբ ծննդաբերեցի, Հայկը դեռ չորս օրական էր, Տեր Պետրոսը երիտասարդների հետ այցելեց, օրհնեց մեզ և փոխանցեց Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը։ Եվ գիտեք, հետաքրքիր է, որ բալիկիս ձեռքին ժպիտի նշան կա։ Ժպիտը միշտ իր հետ է»,- պատմում է Լիլիթը:


«Լիլիթին և փոքրիկին եկեղեցում տեսնելով՝ շատ ուրախացա։ Սա մեր կատարած աշխատանքի արդյունքն է։ Բացի ֆիզիկական ծնունդից, գոյություն ունի նաև հոգևոր ծնունդ՝ Սուրբ Մկրտությունը, որը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար։ Ես ուրախ եմ, որ մեր կատարած աշխատանքն արդյունք է ունենում», - նշում է Տեր Պետրոսը։


Այն, թե ինչպիսին կմեծանա երեխան, մեծապես պայմանվորված է մանուկ հասակում ստացած դաստիարակությամբ և սիրով, որ նրան տալիս են ծնողները։ Սեր, ազնվություն, բարություն, ընկերություն, հավատք. այս ամենը երեխան նախ և առաջ ստանում է իր ընտանիքում ու հենց այդ գիտելիքների վրա հիմնվելով է որոշում լինել ազնիվ կամ անազնիվ, բարի կամ չար, հավատացյալ կամ անհավատ։ Մանավանդ հավատքի սերմերը և գիտելիքն Աստծո մասին երեխայի մեջ սերմանվում են վաղ տարիքից։ Եթե ընտանեկան միջավայրը նպաստավոր չէ քրիստոնեական գիտակցություն ձևավորելու համար, ապա հետագայում երեխայի համար դժվար կլինի կողմնորոշվել իր ընտրության մեջ։ Աստվածճանաչողությունը պետք է սկսվի ընտանիքից: Ծնողներն են հիմք ստեղծում երեխայի հոգևոր կյանքի ձևավորման համար:


Սակայն թե՛ երեխայի, թե՛ ծնողի հոգևոր հասունացման գործում իր դերն ունեն նաև Եկեղեցին ու հոգևորականը։ Եկեղեցու հովիվը նույնպես պետք է աշխատանք կատարի՝ երեխային և նրա ընտանիքին համայնքային կյանքում ներգրավելու համար:


Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների կողմից իրականացվող այս ծրագիրը միտված է հենց այդ նպատակի իրագործմանը։ Ծննդատներ և պոլիկլինիկաներ այցելություններն ամրապնդում են ընտանիք-եկեղեցի, ծնող-երեխա-հոգևորական կապը՝ ստեղծելով գեղեցիկ և մնայուն ավանդույթներ։


Հասմիկ Թամամյան

Դիտվել է 186 անգամ:
« Վերադառնալ ցանկ

Արխիվ

Թեմական կյանք